• Latest news▼

Յուղոտ սնունդ օգտագործելու պատճառով տղամարդու լեղապարկում 248 քար է գոյացել. Սինհուա

30 սեպտեմբերի, 2026  16:30

Չինաստանի Սիչուան նահանգում վիրաբույժները մեկ վիրահատության ընթացքում 26-ամյա պացիենտի լեղապարկից 248 քար են հեռացրել։ Սննդակարգում ճարպոտ ուտելիքների առատության պատճառով տղամարդու լեղապարկն ամբողջությամբ լցված է եղել քարերով, իսկ արյան մեջ լիպիդների մակարդակը գերազանցել է նորման մոտ հինգ անգամ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Տղամարդը հիվանդանոց է դիմել որովայնի շրջանում հանկարծակի առաջացած ուժեղ ցավից հետո։ Հետազոտության արդյունքում նրա լեղապարկում մեծ քանակությամբ քարեր են հայտնաբերվել։
«Քարերի առաջացմանը կարող էր նպաստել պացիենտի կենսակերպը։ Ծանրաբեռնված աշխատանքի պատճառով տղամարդը հաճախ է սնվել պատրաստի սննդով և պարբերաբար կերել է ճարպոտ ուտեստներ, այդ թվում՝ տապակած հավ ու խորոված»,— պարզաբանել է Չենդու քաղաքի՝ լեղաքարային հիվանդությունների բուժման մասնագիտացված հիվանդանոցի լյարդալեղային վիրաբուժության բաժանմունքի վարիչի տեղակալ Հե Մինգանը։

Բժիշկը բացատրել է, որ որոշակի պայմաններում լեղու մեջ կարող է մեծանալ խոլեստերինի խտությունը։ Այն հակված է բյուրեղացման, ինչի հետևանքով ժամանակի ընթացքում քարեր են գոյանում։ Ընդ որում, դրանց առաջացման վրա ազդում են միանգամից մի քանի գործոններ, այդ թվում՝ սննդակարգը, մարմնի քաշը, նյութափոխանակության առանձնահատկությունները, ֆիզիկական ակտիվությունն ու սնվելու ռեժիմը։

Հե Մինգանի խոսքով՝ վերջին տարիներին լեղաքարային հիվանդությունն ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդների մոտ։ Որպես ռիսկի գործոններ բժիշկը նշում է անկանոն սնվելը, ճարպոտ ու քաղցր ուտելիքների հաճախակի օգտագործումը, շարժման պակասն ու ավելորդ քաշը։ Կարևոր դեր է խաղում նաև լեղու տևական կանգը։

Լեղապարկի քարերին բնորոշ նշան է համարվում որովայնի վերին աջ հատվածում ի հայտ եկող նոպայաձև ցավը։ Այն կարող է ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով և ծանրության զգացումով, իսկ երբեմն էլ ճառագայթել դեպի մեջք կամ աջ ուս։ Սակայն քարերը կարող են երկար ժամանակ որևէ ախտանիշով չդրսևորվել և հայտնաբերվել պատահականորեն։

Հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս երկար դադարներ չտալ սննդի ընդունումների միջև, պահպանել նորմալ քաշ և ավելի շատ շարժվել։ Ընդ որում, չափազանց արագ նիհարելը նույնպես ցանկալի չէ, քանի որ այն ևս մեծացնում է քարերի առաջացման վտանգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll