• Latest news▼

Գետնանուշը տարեցների շրջանում բարձրացնում է ինսուլինի նկատմամբ ուղեղի զգայունությունը. Food & Function

2 հոկտեմբերի, 2026  20:19

Գետնանուշի ամենօրյա օգտագործումը կարող է ազդել ուղեղի՝ հիշողության և ուսուցման հետ կապված հատվածների ինսուլինային զգայունության վրա։ Նման  եզրակացության են հանգել գիտնականները տարեցների մասնակցությամբ անցկացված պատահականացված հետազոտության ընթացքում։ Արդյունքները հրապարակվել են Food & Function (F&F) հանդեսում։

Հետազոտությանը մասնակցել է 31 մարդ, որոնց միջին տարիքը կազմել է 67 տարեկան։ 16 շաբաթվա ընթացքում կամավորներն ամեն օր կերել են 60 գրամ առանց աղի, կեղևով բոված գետնանուշ։ Այնուհետև մագնիսառեզոնանսային շերտագրության տվյալներն ու արյան հետազոտությունները համեմատվել են հսկիչ ժամանակահատվածի հետ, երբ մասնակիցները գետնանուշ չէին կերել։

Մագնիսառեզոնանսային շերտագրությունը ցույց է տվել ուղեղի արձագանքի փոփոխություններ ինսուլինին մի քանի շրջաններում, ներառյալ՝ հիպոկամպում և պարահիպոկամպային գալարում։ Այդ կառույցները մասնակցում են հիշողության ձևավորմանն ու ուսուցմանը: Հետազոտության հեղինակները հայտնաբերված փոփոխությունները միանգամայն բարենպաստ են համարում։

«Ընդ որում, գետնանուշի օգտագործումը չի հանգեցրել արյան մեջ գլյուկոզի և ինսուլինի մակարդակի, ճարպային փոխանակության ու բորբոքման ցուցանիշների, ինչպես նաև լյարդում ճարպի քանակի նկատելի փոփոխությունների: Դա ստիպում է ենթադրել, որ նկատվող ազդեցությունը կարող է կապված լինել ինսուլինին հենց ուղեղի արձագանքի, այլ ոչ թե ընդհանուր նյութափոխանակային ցուցանիշների բարելավման հետ»,- պարզաբանել են գիտնականները։

Հետազոտողները նշում են, որ ուղեղի ինսուլինային զգայունության և ճանաչողական գործառույթների միջև կապն արժանի է առանձնահատուկ ուշադրության: Նախորդ աշխատությունում նույն գիտական ​​խումբը հայտնել էր, որ տարեցների շրջանում գետնանուշի կանոնավոր օգտագործումը կապված է հիշողության ցուցանիշների բարելավման հետ:

Միևնույն ժամանակ, հետազոտությունը փոքր էր և տևեց 16 շաբաթ, ուստի դրա արդյունքները թույլ չեն տալիս պնդել, որ գետնանուշն ուղղակիորեն բարելավում է ուղեղի աշխատանքը կամ կանխում տարիքային հիշողության անկումը: Ազդեցությունը հաստատելու համար ավելի մեծ և երկարատև փորձարկումներ կպահանջվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll