Առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրի շրջանակում Հայաստանում մեկնարկել են արգանդի պարանոցի, կոլորեկտալ և կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման սկրինինգային երեք ծրագրեր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոքչյանը։
Նրա խոսքով՝ 45-ից 68 տարեկան կանայք կարող են ինքնուրույն գրանցվել ArMed համակարգի միջոցով և իրենց նախընտրած բժշկական հաստատությունում անցնել սկրինինգային մամոգրաֆիա․ դրա համար նույնիսկ ընտանեկան բժշկի ուղեգիր չի պահանջվում։
Գյոքչյանը նշել է, որ ներկայում մամոգրաֆիկ սարքավորումներով ապահովված են ապահովագրության ծրագրում ընդգրկված Երևանի բոլոր կլինիկաները։ Այսպիսով, համապատասխան տարիքային խմբի կանայք կարող են ինքնուրույն ընտրել բուժհաստատությունն ու հետազոտվել ծրագրի շրջանակում։
Մարզերի համար Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել ևս 10 մամոգրաֆ, որոնք տեղադրվել են մարզային կենտրոններում։ Գյոքչյանի փոխանցմամբ՝ առաջիկայում մարզային բուժհաստատությունները նույնպես կմիանան սքրինինգային ծրագրին։
Մասնագետը նաև ընդգծել է, որ ապահովագրության շնորհիվ պացիենտների համար համաֆինանսավորման թիրախային մեխանիզմով հասանելի են դարձել թանկարժեք ախտորոշիչ և բուժիչ միջամտություններ։ Մասնավորապես, ծրագրում ներառվել է պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիան (ՊԷՏ-ԿՏ), որը մինչև 2026 թվականը մատուցվում էր վճարովի հիմունքներով (արժեքը կազմում էր շուրջ 450–500 հազար դրամ)։ Այժմ պետությունը ծածկում է հետազոտության արժեքի 50%-ը, իսկ մնացած 50%-ը վճարում է պացիենտը։
Նմանատիպ մեխանիզմ է գործում նաև ռադիովիրաբուժության պարագայում։ Նախկինում այնպիսի մեթոդները, ինչպիսիք են «գամմա-դանակն» ու «կիբեռ-դանակը», ամբողջությամբ վճարվում էին պացիենտների կողմից և կարող էին արժենալ 1 մլն դրամից ավելի։ Այժմ դրանք նույնպես տրամադրվում են համաֆինանսավորման սկզբունքով։
Գյոքչյանի խոսքով՝ փոփոխությունները վերաբերում են նաև մետաստատիկ ուռուցքաբանական հիվանդություններ ունեցողներին։ Եթե նախկինում թանկարժեք դեղերի զգալի մասը նրանք ստիպված էին ձեռք բերել սեփականմիջոցներով, ապա այժմ այդ ծախսերի մեծ մասն իր վրա է վերցնում պետությունը։
Միևնույն ժամանակ, նախարարի խորհրդատուն ընդգծել է, որ առաջնահերթ խնդիրներից է մնում դեղացանկի ընդլայնումը։ Ուռուցքաբանությունը արագ է զարգանում, և շուկայում անընդհատ հայտնվում են նոր թիրախային ու իմունաթերապևտիկ դեղամիջոցներ, որոնցից շատերը բավականին թանկ արժեն։ «Պետության խնդիրն է՝ հնարավորինս համընթաց քայլել ժամանակի հետ և գոնե մասնակիորեն պացիենտներին ապահովել այդ դեղերով», — հայտարարել է Գյոքչյանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day