Երևանում առողջապահության ոլորտի մասնագետներին ներկայացվել են ուռուցքաբանության և վերականգնողական բժշկության երկու նորարարական լուծումներ՝ ֆոտոբիոմոդուլյացիոն թերապևտիկ վերականգնողական սարքավորում և TeleMed թվային հարթակ։
Միջոցառումը կազմակերպվել է «Մեդ Քեյր Արմենիայի» նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով միջազգային առաջատար բժշկական փորձն ու տեխնոլոգիական լուծումները հասանելի դարձնել հայաստանյան առողջապահական համակարգին։ Հանդիպմանը մասնակցել են հայաստանյան ուռուցքաբաններ, քիմիաթերապիայի մասնագետներ և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ։
Շնորհանդեսին մասնագիտական ներկայացումներով հանդես են եկել Փարիզից և Լիբանանից Հայաստան ժամանած միջազգային փորձագետներ։ Միջոցառման առանցքում եղել են երկու կարևոր ուղղություններ՝ քաղցկեղի բուժման հետևանքների մեղմացմանն ուղղված վերականգնողական թերապիան և բարդ բժշկական դեպքերում արտերկրի մասնագետներից անկախ երկրորդ կարծիք ստանալու հնարավորությունը։
Ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան ներկայացվել է որպես նորարարական վերականգնողական մոտեցում, որը կիրառվում է կարմիր և ինֆրակարմիր լույսի միջոցով։ Մասնագետների խոսքով՝ այն կարող է կիրառվել քաղցկեղի բուժման՝ քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի և իմունաթերապիայի հետևանքով առաջացող որոշ կողմնակի ազդեցությունների ու տոքսիկության նվազեցման նպատակով։

Բժիշկ Ֆուադ Կերբաժի ներկայացմամբ՝ ֆոտոբիոմոդուլյացիան կարող է աջակցել ցավի կառավարմանը, վերքերի ապաքինմանը և հակաբորբոքային ազդեցությանը։ Նա նշել է, որ մեկ սեանսը սովորաբար տևում է 5-15 րոպե՝ կախված խնդրի աստիճանից, իսկ միջինում թերապիան իրականացվում է շաբաթական երեք անգամ՝ 4-6 շաբաթվա ընթացքում։
Կարևոր է ընդգծել, որ ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան չի փոխարինում հիմնական ուռուցքաբանական բուժմանը։ Այն դիտարկվում է որպես օժանդակ և վերականգնողական մեթոդ, որի նպատակը բուժման ընթացքում առաջացող որոշ բարդությունների մեղմացումն է և պացիենտի կյանքի որակի բարելավումը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև TeleMed թվային հավելվածը։ Բժիշկ Համպիկ Ռաֆայել Կուրիէի խոսքով՝ հարթակը նախատեսված է ոչ միայն ուռուցքաբանական, այլև բժշկական բարդ դեպքերում երկրորդ մասնագիտական կարծիք ստանալու համար։ Հավելվածի միջոցով պացիենտի բժշկական փաստաթղթերը, հետազոտությունների արդյունքներն ու անհրաժեշտ տվյալները փոխանցվում են մասնագետներին, որից հետո ներկայացվում են մասնագիտական կարծիք և բուժման հնարավոր տարբերակներ։

TeleMed հարթակի մասնագիտական ցանցում, ըստ ներկայացված տեղեկատվության, ընդգրկված են տարբեր երկրների մասնագետներ, այդ թվում՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից և ԱՄՆ-ից։
Հայաստանում նման նախաձեռնության իրականացումը կարևոր քայլ է ուռուցքաբանության և վերականգնողական բժշկության զարգացման տեսանկյունից։ Այն հնարավորություն է տալիս տեղացի բժիշկներին ծանոթանալու միջազգային փորձին, քննարկելու նորարարական մոտեցումներ և ընդլայնելու պացիենտների համար հասանելի աջակցող բուժօգնության հնարավորությունները։
Մասնագետների գնահատմամբ՝ քաղցկեղի բուժման արդյունավետությունը կախված է ոչ միայն հիմնական բուժման ընթացքից, այլև կողմնակի ազդեցությունների ճիշտ կառավարումից, վերականգնողական խնամքից և բուժառուի կյանքի որակի պահպանությունից։ Այս առումով ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան և TeleMed հարթակը կարող են նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի առողջապահական համակարգի համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day