• Latest news▼

Սուրճի և մրգերի մեջ պարունակվող պոլիֆենոլները նվազեցնում են թելոմերների կարճացման վտանգը․ CliNut

19 հոկտեմբերի, 2026  16:48

Իսպանացի գիտնականները պարզել են, որ սուրճի և մրգերի մեջ պարունակվող բուսական միացություն հանդիսացող պոլիֆենոլների ակտիվ օգտագործումը կապված է թելոմերների կարճացման ավելի ցածր ռիսկի հետ, ինչը բջջային ծերացման հիմնական ցուցիչներից մեկն է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Nutrition ամսագրում։

Հետազոտողները վերլուծել են 55-ից բարձր տարիքի 1665 մարդու տվյալներ։ Նրանք մասնակիցների սննդակարգի առանձնահատկությունները համադրել են թելոմերների՝ քրոմոսոմների ծայրային պաշտպանիչ հատվածների երկարության հետ։ Թելոմերները պաշտպանում են կարևոր գենետիկական տեղեկատվությունը կրկնապատկման ժամանակ։ Բաժանումների որոշակի քանակից հետո (մոտ 50) թելոմերները չափազանց կարճանում են, և բջիջը դադարում է բաժանվել. սա կոչվում է բջջային ծերացում։

Մասնակիցներին բաժանել են խմբերի՝ ըստ սննդակարգում պոլիֆենոլների քանակի։ Այն մարդկանց մոտ, ովքեր առավել շատ են օգտագործել այդ նյութերը, թելոմերների կարճացման վտանգը 49%-ով ավելի ցածր է եղել, քան դրանք նվազագույն քանակով օգտագործողների շրջանում։ Նմանօրինակ կապ է նկատվել նաև ֆլավոնոիդների՝ պոլիֆենոլների խմբերից մեկի դեպքում։

Այն մթերքների շարքում, որոնք կապվել են թելոմերների կարճացման ավելի ցածր ռիսկի հետ, առանձնացել են սուրճն ու մրգերը։ Ընդ որում՝ պոլիֆենոլների օգտագործման և թելոմերների երկարության միջև կապն ի հայտ է եկել մինչև 64 տարեկան մասնակիցների մոտ, մինչդեռ ավելի բարձր տարիքային խմբում այն չի նկատվել։

Պոլիֆենոլներն օժտված են հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններով։ Գիտնականները ենթադրում են, որ դրանք կարող են օգնել պաշտպանել բջիջներն օքսիդացիոն սթրեսից և բորբոքումներից, որոնք կապվում են բջջային կառուցվածքների վնասման հետ։

Այդուհանդերձ, հետազոտությունը վիճակագրական կապ է արձանագրում և չի ապացուցում, որ սուրճն ու մրգերն ուղղակիորեն դանդաղեցնում են ծերացումը։

«Թելոմերների երկարության վրա կարող են ազդել նաև ապրելակերպի ու առողջական վիճակի այլ առանձնահատկությունները։ Հետևաբար, ստացված արդյունքները չեն նշանակում, թե այս մթերքների օգտագործման ավելացումը երաշխավորված կերպով կերկարաձգի բջիջների երիտասարդությունը»,— նշել են հետազոտողները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll