• Latest news▼

Իմունային համակարգն աղիների հիվանդության մասին ահազանգում է ախտորոշումից 10 տարի առաջ․ Gut

20 հոկտեմբերի, 2026  14:52

Նիդեռլանդների Գրոնինգենի համալսարանական բժշկական կենտրոնի և ԱՄՆ-ի Մաունթ Սինայի Իկանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ արյան հակամարմինների փոփոխությունները կարող են վկայել աղիների բորբոքային հիվանդության (ԱԲՀ) զարգացման մասին՝ ախտորոշումից դեռևս տասը տարի առաջ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Gut ամսագրում:

Աղիների բորբոքային հիվանդությունների շարքին են դասվում Կրոնի հիվանդությունն ու խոցային կոլիտը: Դրանք ուղեկցվում են մարսողական համակարգի քրոնիկական բորբոքմամբ, որովայնի ցավերով, լուծով և մշտական հոգնածության զգացումով: Որպես կանոն, հիվանդությունն ախտորոշվում է ախտանշանների ի հայտ գալուց հետո միայն, երբ աղիների հյուսվածքներն արդեն կարող են վնասված լինել:

Հետազոտողներն ուսումնասիրել են ԱՄՆ 500 զինծառայողներից վերցված արյան երկու հազար նմուշ: Մասնակիցներից 200-ի մոտ հետագայում զարգացել էր Կրոնի հիվանդություն, 200-ի մոտ՝ խոցային կոլիտ, իսկ մյուսների մոտ որևէ հիվանդություն չէր դրսևորվել: Մասնագետները փնտրում էին բակտերիաների, վիրուսների, սննդամթերքի և օրգանիզմի սեփական հյուսվածքների տարբեր սպիտակուցների դեմ ձևավորված հակամարմիններ:

Այն մասնակիցների մոտ, որոնց մոտ հետագայում ախտորոշվել էր Կրոնի հիվանդություն, առավել հաճախ հայտնաբերվել են Էպշտեյն-Բարի վիրուսի նկատմամբ հակամարմիններ: Ընդ որում՝ այդ տարբերությունները նկատելի են եղել ախտորոշումից դեռ տասը տարի առաջ: Ամենացայտուն ցուցանիշներն արձանագրվել են նրանց մոտ, ում մոտ հետագայում զարգացել է հիվանդության ծանր ձևը՝ ուղեկցվելով բարդություններով, այդ թվում՝ աղիների նեղացմամբ:

Խոցային կոլիտի դեպքում հետազոտողները բացահայտել են իմունային պատասխանի բոլորովին այլ պատկեր, մասնավորապես՝ օրգանիզմի սեփական սպիտակուցներից մեկի դեմ հակամարմինների առկայություն:

«Իմունային համակարգի գործունեության փոփոխությունները կարող են սկսվել առաջին ախտանշանների ի հայտ գալուց շատ առաջ: Հեռանկարում հակամարմինների հետազոտությունը կօգնի ավելի շուտ հայտնաբերել հիվանդության բարձր ռիսկ ունեցող մարդկանց և հիմք կստեղծի վաղ ախտորոշման ու կանխարգելման նոր մեթոդների մշակման համար»,— նշել են գիտնականները:

Առայժմ նման հետազոտությունը պատրաստ չէ առօրյա բժշկական պրակտիկայում կիրառվելու համար, իսկ արդյունքները դեռևս պետք է հաստատվեն մարդկանց այլ խմբերի շրջանում: Բացի այդ, թեև հետազոտությունը կապ է բացահայտում իմունային փոփոխությունների և հիվանդության հետագա զարգացման միջև, սակայն չի ապացուցում, որ հենց վիրուսային վարակներն են անմիջականորեն հարուցում աղիների բորբոքային հիվանդությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll