Աշխարհում յուրաքանչյուր չորրորդ դեռահասը անգամ շաբաթը մեկ ժամ չի զբաղվում ֆիզիկական ակտիվությամբ, ինչը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների, երկրորդ տեսակի դիաբետի և քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգը։ Այս մասին նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Global Health ամսագրում։
Կազմակերպության գնահատմամբ՝ 11-17 տարեկան մոտ 240 միլիոն դեռահաս ոչ մի ակտիվ օր չի ունեցել մեկ շաբաթում։ Հետազոտողները նկատի են ունեցել օրական առնվազն 60 րոպե չափավոր կամ ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը։ Արդյունքները հիմնված են 140 երկրների և տարածքների ավելի քան 3,2 միլիոն դեռահասների տվյալների վրա։
Միջին հաշվով, հետազոտության մասնակիցները շաբաթը 2,7 օր զբաղվել են ֆիզիկական ակտիվությամբ։ Դեռահասների միայն 14 տոկոսն է ամեն օր ակտիվ եղել։
Հատկապես նկատելի է աղջիկների և տղաների միջև տարբերությունը։ Աղջիկների 28 և տղաների 22 տոկոսը մեկ շաբաթում ոչ մի ակտիվ օր չի ունեցել։ Աղջիկների 11 և տղաների 17 տոկոսն է ամեն օր զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ։
Որոշ երկրներում, այդ թվում՝ Նամիբիայում, Նեպալում և Ֆիլիպիններում, դեռահասների մոտավորապես 40 տոկոսը շաբաթական ոչ մի ակտիվ օր չի ունեցել։ Բանգլադեշում և Սերբիայում, ընդհակառակը, երիտասարդների ավելի քան 30 տոկոսը հայտնել է ամենօրյա ֆիզիկական ակտիվության մասին։
ԱՀԿ տվյալներով՝ իրավիճակը գործնականում անփոփոխ է մնացել վերջին 15 տարիների ընթացքում։ Ակտիվության մակարդակի վրա ազդում են ոչ միայն անձնական սովորությունները, այլև առօրյա կյանքի պայմանները՝ փողոցային անվտանգությունը, մարզական կառույցների հասանելիությունը, քայլելու կամ հեծանիվ վարելու հնարավորությունները, ինչպես նաև դպրոցական միջավայրը և էկրանի առջև անցկացրած ժամանակը։
Կազմակերպությունը երկրներին կոչ է արել ստեղծել պայմաններ, որոնց դեպքում ֆիզիկական ակտիվությունը կկազմի դեռահասների առօրյա կյանքի անվտանգ և հասանելի մասը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day