Ամանորյա տոներից հետո քաշի ավելացում նկատում են գրեթե բոլորը, քանի որ քչերին է հաջողվում պահպանել իր սովորական սննդակարգը եւ շատ չուտել: Մեկը կարող է 1-2 կգ-ով գիրանալ, մյուսի մոտ էլ քաշի լուրջ ավելացումներ են հնարավոր:

Դիետոլոգ Հասմիկ Աբովյանը դեկտեմբերի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ մի քանի օրում հավաքած քաշը սովորաբար ջուր է, ոչ թե ճարպ: Քանի որ մարդիկ տոների ժամանակ չափից շատ են աղի սննդամթերքներ օգտագործում, իսկ օգտագործելուց հետո էլ մեծ քանակությամբ ոչ թե ջուր, այլ նույնիսկ գազավորված ըմպելիքներ եւ «բնական» հյութեր են խմում, այդ ամբողջ հեղուկն աղի ավելցուկի պատճառով մնում է օրգանիզմում՝ ավելացնելով հավելյալ կիլոգրամներ: Դժվար թե այդքան շատ կիլոգրամներ հավաքվեն, բայց մի քանի հավելյալ կիլոգրամներ լիովին հնարավոր է ձեռք բերել, եթե չհետեւենք մեր սննդակարգին:

Ճիշտ է՝ այդ բոլոր կիլոգրամներից ավելի հեշտ կլինի ձերբազատվել, քան ճարպերից կազմված իսկական ավելորդ քաշից: Դիետոլոգը խորհուրդ է տալիս տոներից հետո բեռնաթափման մի քանի օրեր կազմակերպել՝ ամբողջովին հրաժարվելով աղից. դա օրգանիզմին հնարավորություն կտա դուրս բերել ջրի ավելցուկը:

Բացի դրանից ֆիզիկական ակտիվությունը մասնագետի խոսքով պարտադիր է նույնիսկ տոնական օրերին: Եթե սպորտդահլիճ հաճախելու հնարավորություն չկա, պետք է գոնե քայլել՝ օրական նվազագույնը 10 000 քայլ կատարելով: Եթե չհաջողվի 10 000 քայլը, անհրաժեշտ է գոնե 7000 եւ ոչ ավելի քիչ քայլ կատարել:

Եթե չեք ուզում գիրանալ ամանորյա տոներին, դիետոլոգն առաջարկում է չսովել տոնական ճաշատեսակների պատրաստման ընթացքում, հակառակ դեպքում սեղանին Ձեզ չեք կարող զսպել շատ ուտելուց: Փորձեք չխախտել սնվելու սովորական ռեժիմը. օրը մի քանի անգամ կերեք եւ քիչ-քիչ: Այդ ժամանակ արդեն երեկոյան ամանորյա սեղանի շուրջ դժվար դե ավելորդ մի բան ուտեք:

Բացի դրանից դիետոլոգը խորհուրդ է տալիս հրաժարվել գազավորված կամ «բնական» ըմպելիքներից, քանի որ դրանք մեծ քանակությամբ շաքար եւ քիմիական նյութեր են պարունակում, եւ դրանց մեջ ոչ մի օգտակար բան չկա, միայն ավելորդ կալորիաներ. Դրանց փոխարեն ցանկալի է մաքուր ջուր խմել: