Ոմանք պնդում են, որ յուղոտ սնունդը մաշկը դարձնում է ավելի երիտասարդ ու էլաստիկ: Ոմանք էլ՝ որ այն վնասակար է ոչ միայն մաշկի, այլեւ ողջ օրգանիզմի համար:
Վնասակա՞ր է արդյոք ճարպոտ սնունդը իրականում:
Բժիշկ-կոսմետոլոգ, դիետոլոգ Լիլիթ Հարությունյանի խոսքով՝ ճարպոտ սննդի ու մաշկի էլաստիկության միջեւ անմիջական կապ գոյություն չունի: Ճարպը, հետեւաբար, մաշկն ավելի ՝էլաստիկ չի դարձնում, ընդհակառակը, ինչքան ճիշտ է սնվում մարդը, այդքան առողջ ու գեղեցիկ է նրա մաշկը, կարծում է կոսմետոլոգը:
Նրա խոսքով՝ ճարպոտ սնունդը ճարպագեղձերի գերակտիվության է բերում՝ առանց այն էլ յուղոտ մաշկը էլ ավելի յուղոտ դարձնելով: Ճիշտ է, յուղոտ մաշկը ավելի ուշ է ծերանում, եւ կնճիռները դրա վրա ավելի ուշ են ի հայտ գալիս, բայց ավելորդ ճարպի կարիք այն, ամեն դեպքում, չունի:
Լիլիթ Հարությունյանի խոսքով՝ առողջ ու էլաստիկ մաշկ ունենալու համար, պետք է ճիշտ սնվել: Տապակածի փոխարեն եփած սնունդ ուտել, ինչպես նաեւ վիտամիններով հարուստ մրգեր ու բանջարեղեն օգտագործել, որոնք օգտակար են ոչ միայն մաշկի, այլ նաև ողջ օրգանիզմի համար:
«Եթե այդպես սնվեք, կզգաք, ինչպես է առողջանում մաշկը», - նշում է կոսմետոլոգը:
Սպիտակուցը, նրա խոսքով, նույնպես անհրաժեշտ է ինչպես ողջ օրգանիզմին, այնպես էլ առանձին վերցրած մաշկին: Այդ պատճառով մսի բացառումը սննդակարգից դիետոլոգը ճիշտ չի համարում: Որոշակի ժամանակի ընթացքում կարելի է սնվել միայն մրգերով ու բանջարեղենով: Այդպես օրգանիզմը կմաքրվի տոկսիններից, սակայն սպիտակուցն, այնումենայնիվ, շատ մեծ դեր է խաղում օրգանիզմում, եւ դրա բացակայությունը կարող է վնաս հասցնել օրգանիզմին, ինչն էլ իր հերթին բացասաբար կանդրադառնա մաշկի վրա:






