Կրծքկագեղձի քաղցկեղի կանխարգելման համար անհրաժեշտ է ոչ միայն չծխել ու ճիշտ սնվել, այլ նաեւ պարբերարբար հետազոտվել: Երիտասարդ աղջիկներին խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ ուլտրաձայնային հետազոտություն իրականացնել, իսկ քառասուննանց կանանց՝ մամոգրաֆիա:

Ինչու՞ է պետք հետազոտվել տարին մեկ անգամ:

Ինչպես նշում է բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդեւանյանը, այդպիսի հետազոտությունները հնարավորություն են ընձեռում վաղ փուլում ախտորոշել քաղկեղը, ինչը բարձրացնում է բուժման հավանականությունը: Եթե, օրինակ, կինը կյանքում առաջին անգամ ենթարկվի հետազոտության եւ նրա մոտ ոռուցք հայտնաբերվի, բժիշկներին դժվար կլինի հասկանալ, ինչքան ժամանակ է անցել դրա ձեւավորումից: Իսկ եթե կինը նախորդ տարի էլ է հետազոտվել եւ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, բժիշկները կարող են վստահ լինել, որ ուռուցքն առաջացել է մեկ տարվա ընթացքում: Նրանք կարող են նաեւ գնահատել ուռուցքի աճի տեմպերը եւ բուժման ճիշտ մոտեցումներ ընտրել:

Բժշկի խոսքով՝ հայուհիներից շատերը վերջերս սկսել են ավելի պատասխանատու վերաբերվել իրենց առողջությանը եւ չեն անտեսում կանխարգելիչ հետազոտությունները:

«Կանայք սկսել են հասկանալ, որ կանխարգելումը երկարատեւ գործընթաց է, յուրաքանչյուր նախորդ հետազոտություն անչափ կարեւոր է հաջորդ հետազոտության համար», - նշում է Հովհաննես Վարդեւանյանը:

Հիշեցնենք, որ կրծքագեղձի ուռուցքը կարող է շատ երկար զգացնել չտալ: Այդ պատճառով առանց կանխարգելիչ հետազոտությունների վաղ շրջանում այն հայտնաբերելն անհնար է:

Իսկ քաղցկեղային հիվանդությունները կանխելու համար շատ կարեւոր է հակաօքսիդանտներով հարուստ առողջ սննդակարգը: Եվ, իհարկե, պետք է հրաժարվել ծխելուց եւ ալկոհոլի չարաշահումից: