Ակրիլամիդը նյութ է, որը կարելի գտնել մի շարք սննդամթերքներում, որոնք մենք ուտում ենք գրեթե ամեն օր: Այն առկա է չիպեսրի մեջ, ինչպես նաեւ բոլոր տապակած ու թխած սննդամթերքներում՝ ներառյալ քաղցրավենիքն ու հացը:
Սննդամթերքների անվտանգության գիտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Լեւոն Աճեմյանի խոսքով՝ ակրիլամիդը մուտագեն, քաղցկեղածին ու նեյրոտոկսիկ ազդեցություն ունի եւ շատ վնասակար է առողջության համար:
Ակրիլամիդը ձեւավորվում է մթերքները տապակելու ժամանակ 120 աստիճան եւ ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում (ընդ որում՝ ակրիլամիդների՝ սննդի մեջ հայտնվելու ստույգ մեխանիզմն առայժմ հայտնի չէ, սակայն գոյություն ունի կարծիք, որի համաձայն՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում մի քանի քիմիական նյութերի ռեակցիա է տեղի ունենում, որի արդյունքում էլ ձեւավորվում է ակրիլամիդը): Իսկ ահա եփման ընթացքում ակրիլամիդ չի ձեւավորվում, այդ պատճառով եփելը համարվում է ավելի անվտանգ:
Ներկայումս ընդունված է կարծել, որ ակրիլամիդի օրական անվտանգ չափաբաժինը 70 մկգ-ն է: Դեպքերի մեծամասնությունում այս նյութի չափաբաժինը շատ փոքր է լինում, եւ այդ պատճառով հիմնականում համապատասխանում է նորմային: Իսկ ահա չիպսերում այս նյութի պարունակության մակարդակը մի քանի անգամ գերազանցում է նորման՝ հասնելով 800-1300 մկգ-ի:
Food and Agriculture Organization of the United Nations-ի եւ ԱՀԿ տվյալներով՝ ակրիլամիդը կարող է տոկսիկ ազդեցություն ունենալ նյարդային համակարգի վրա եւ վնաս հասցնել մարդու ֆերտիլությանը, եթե այն նորմայից շատ լինի: Օրինակ, այն կարող է մարդու վերարտարտադրողական համակարգին զգալի վնաս հասցնել, եթե գերազանցի նորման 2000 անգամ:
Քանի որ այս նյութի ազդեցությունը օրգանիզմի վրա դեռեւս ուսումնասիրված չէ, մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել տապակած եւ վերամշակված սննդի օգտագործումը՝ նախապատվություն տալով բնական, թարմ մթերքներին, որոնք ամեն դեպքում ավելի օգտակար են:






