Վերջին մի քանի օրերին 420 հայ դարձել է ոսկրածուծի ցողունային բջիջների պոտենցիալ դոնոր: Այս մասին թղթակցին հայտնել է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի ղեկավար Սեւակ Ավագյանը:
99 երեւանցիներ համալրել են ռեեստրը սեպտեմբերի 19-ին, այն միջացառման ժամանակ, որը Ոսկրածուծի դոնորների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպել էին Ռեեստրը ` Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ համատեղ: Այդ օրը պոտենցիալ դոնոր դարձած հայերից մեկն էլ հանրահայտ շախմատիստ Տիգրան Պետրոսյանն է :
Սեպտեմբերի 17-ին կազմակերպությունները միջոցառում էին կազմակերպել Արմավիրի մարզում, որտեղ 217 մարդ հաճույքով միացել է ռեեստրին:
Դրանից որոշ ժամանակ առաջ կազմակերպությունները միջոցառումներ էին կազմակերպել Թեհրանում, եւ հայկական արմատներ ունեցող 104 թեհրանցի նույնպես միացել է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին:
Հիշեցնենք, որ աշխարհում ոսկրածուծի 25 միլիոն պոտենցիալ դոնոր կա, որոնցից 27 հազարը` հայկական ռեեստրում են: Նրանց 65 տոկոսը Հայաստանից է ու Ղարաբաղից, իսկ մնացածը` այլ երկրներից, որտեղ հայկական համայնքներ կան:
Ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման օգնությամբ (որոնք, ի դեպ, արյունից են վերցվում, այլ ոչ թե բուն ոսկրածուծից, ինչպես ոմանք են կարծում) ժամանակակից բժշկությունը կարող է բուժել արյան մի շարք ծանր հիվանդություններ, օրինակ լեյկեմիան: Միակ բարդույթունն այն է, որ պետք է գտնել դոնորի, ով 100 տոկոսով համատեղելի է հիվանդի հետ: Հենց դրա համար էլ դոնորների ռեեստրների գործունեությունն այդքան կարեւոր է ` որքան շատ են պոտենցիալ դոնորները, այդքան մեծ է փոխպատսվաստման կարիք ունեցող հիվանդի համար դոնոր գտնելու հավանականությունը:






