Վերջին ժամանակներս հայկական արտադրության հացի փաթեթների վրա ավելի հաճախ են գրում այն մասին, որ  հացը նպաստում է  աղեստամոքսային համակարգի գործունեության  կարգավորմանը, կանխարգելում է փորկապությունները եւ ունի մի շարք դրական ազդեցություններ օրգանիզմի վրա: NEWS.am Medicine-ի խմբագրությունը պարզել է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանից, արդյոք հացն օգտակար է առողջության համար:

Գաստրոէնտերոլոգի կարծիքով հացը կարող է դրական ազդել օրգանիզմի վրա, բայց ամեն  ինչ հացից չէ կախված:  Ավելի օգտակար է չզտած ալյուրից հացը. Եթե նրանում շատ բջջանյութ  է պարունակվում, ապա այն իրոք կնպաստի աղիների գործունեության լավացմանը:

Մինչդեռ հիմնական խնդիրը նրանում է, որ վերջին ժամանակներս հացի արտադրողները ավելի շատ մտածում են հացի արտաքին տեսքի եւ համային հատկությունների մասին, այլ ոչ թե նրա օգտակարության, այդ պատճառով օգտագործում են զտած սպիտակ ալյուր, որից ստացվում է գեղեցիկ, արտաքինից շատ ախորժելի հաց, որը, սակայն, զուրկ է  չզտած ալյուրից պատրաստված հացին  բնորոշ դրական ազդեցությունների մեծամասնությունից:

Ինչ վերաբերում է սեւ հացին, ապա Մանասյանի խոսքով, Հայաստանում սեւ հացը հիմնականում ներկված է, եւ նրանից ոչ մի օգուտ չկա:  Բայց, բնականաբար, չզտած ալյուրից եւ ցորենի թեփից պատրաստված իսկական սեւ հացը, իրականում շատ օգտակար է առողջության համար:

Մանասյանը նշեց, որ ցանկացած տիպի հացի  չարաշահումը կարող է ոչ այնքան հաճելի հետեւանքներ ունենալ, քանի որ ամեն ինչում պետք է չափ ունենալ:

«Եթե շատ ջուր խմել, դա նույնպես վնասակար կարող է լինել առողջության համար:  Ճիշտ նույնպես հացի չարաշահումը  կարող է տարբեր խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Եթե շատ հացաբուլկեղեն օգտագործել ապա նրանց մեջ պարունակվող ածխաջրերը  ճարպի տեսքով կկուտակվեն օրգանիզմում եւ կհանգեցնեն քաշի ավելացման»,- նշեց նա: