• Latest news

Ինչ հարցեր կքննարկվեն կյանքի որակի վերաբերյալ միջդիսցիպլինար համաժողովին

3 նոյեմբերի, 2015  10:58

Այսօր ամբողջ աշխարհում մեծ ուշադրություն է դարձվում մարդկանց կյանքի որակին, մասնավորապես՝ առողջությամբ պայմանավորված կյանքի որակին։ Աշխարհի շատ բուժհաստատություններում հատուկ բաժանմունքներ կան, որոնք հիվանդների համար կյանքի որակի վերաբերյալ հարցաշարեր են կազմում։ Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի ղեկավար Իննա Պերսոյանը՝ ադրադառնալով նոյեմբերի  6-7-ը տեղի ունենալիք «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ․ միջմասնագիտական մոտեցում» համաժողովին։

Իմաստն այն է, որ, ինչպես պարզաբանել է Իննա Պերսոյանը, կյանքի որակը մարդու սուբյեկտիվ զգացողությունն է։ Որքան էլ լավ բուժենք նրան առաջավոր տեխնոլոգիաներով, առաջավոր սարքավորումներով, լավագույն հիվանդանոցում, եթե այդ ամենով հանդերձ հիվանդի կյանքի որակը չի փոխվում, նա կասի, որ իրեն լավ չի զգում։ 

Առաջիկա համաժողովը միջդիսցիպլինար է, որովհետեւ բժշկական բոլոր մասնագիտացումները կապ ունեն կյանքի որակի հետ։  Կքննարկվեն եւ սիրտ-անոթային հիվանդություններն ու էնդոկրին խանգարումները, եւ օսթեոպորոզի պատճառած անհարմարությունները, եւ դաշտանադադարի եւ ավելորդ քաշի խնդիրները։  Ուշադրության կենտրոնում կլինեն այն բոլոր ֆիզիոլոգիական կամ ախտաբանական խանգարումները, որոնք փոխում են մարդու կյանքը։  Կքննարկվեն նաեւ անհույս հիվանդ մարդկանց կյանքի որակի հարցեր, պալիատիվ բուժօգնության մեթոդներ եւ այլն:

«Նույնիսկ ճարպակալումը բոլոր առումներով փոխում է մարդկանց կյանքի որակը՝ եւ առօրյա կյանքում, եւ սեքսուալ, եւ վերարտադրողական։ Մենք շատ հարցեր կքննարկենք, որոնք ազդում են կյանքի որակի վրա», - ասել է Իննա Պերսոյանը։

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի ղեկավար Գեւորգ Գեւորգյանը պարզաբանել է, որ եթե նախկինում անկյունաքարը մարդու կյանքի փրկությունն էր, այժմ շեշտը դրվում է կյանքի պահպանման, գումարած կյանքի որակի ապահովման վրա։ Մասնավորապես, նա որպես օրինակ ներկայացրել է անցյալում մնացած խողովակային ուռուցքաբանությունը, երբ հիվանդները վիրահատությունից հետո նեֆրոստոմայով էին ման գալիս։ Դժվար էր նման իրավիճակը հարմարավետ համարել, բայց հիվանդի կյանքը փրկվում էր։

Իննա Պերսոյանը հիշեցրել է, որ եթե նախկինում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշում ունեցող կանանց կուրծքն ուղղակի հեռացնում էին, ապա այժմ ոչ միայն օրգանը պահպանող վիրահատություն են կատարում, այլեւ փուլ առ փուլ վերականգնում են կուրծքը, որպեսզի կանայք չբարդույթավորվեն եւ իրենց լիարժեք զգան։  Նույնը վերաբերում է նաեւ էսթետիկ վիրաբուժության բոլոր ասպեկտներին․ այստեղ առողջությանը վերաբերող ոչ մի ցուցում չկա, ոչ էլ կյանքին սպառնացող վտանգ, այս բժշկությունն ուղղված է բացառապես մարդկանց հոգեբանական հարմարավետությունն ապահովելուն։

Կազմակերպության հյուրերի թվում են Ռուսաստանի Դաշնության Ժողովուրդների բարեկամության համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, փոխարինողական հորմոնալ թերապիայի մասնագետ Սվետլանա Կալինչենկոն։ Նա երկու զեկույց կկարդա, որոնցից մեկը նվիրված կլինի կանխարգելող եւ անհատականացված բժշկությանը, իսկ երկրորդը՝ տղամարդկային էնդոկրինոլոգիայի, հիպոգոնադիզմի հարցերին։ 

Համաժողովում երկրորդ VIP- անձնավորությունը Կոնստանտինոս Լուկիդիսն է՝ Բազելի ներքին հիվանդությունների  «Bruderholz» համալսարանական կլինիկայից։ Նա ուռուցքային հիվանդների կյանքի որակի մասին զեկույցով հանդես կգա։ 

Տեղի բժիշկները շատ հզոր կազմով են հանդես գալու․ Մարդու վերարտադրողական կենտրոնի («FertilityCenter») տնօրեն Էդուարդ Համբարձումյան, Պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի փոխտնօրեններ Արմեն Բլբուլյան,   ուռոլոգ Երվանդ Հարությունյան, արյունաբան Հեղինե Խաչատրյան, Պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյան, նյարդաբան Լիդիա Գիմոյան, սննդակարգի մասնագետներ Վարդանուշ Պետրոսյան եւ Հասմիկ Աբովյան։  Իմիջիայլոց, ավելորդ քաշի եւ ճարպակալման բաժնում զեկույցներ կներկայացվեն նաեւ բարիաթրիկ վիրաբուժության եւ քաշի  նվազումից հետո պլաստիկայի վերաբերյալ։  

Ինչպես պարզաբանել են կազմակերպիչները, համաժողովը նախատեսված է բոլոր մասնագիտացումների բժիշկների համար, առանց տարիքային սահմանափակումների։  Համաժողովին մասնակցությունը անվճար է։ Մասնագետներին հավաստագրեր կտրամադրվեն, ինչպես նաեւ շարունակական մասնիգատական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ։ Թե որքան միավոր կտրամադրվի, առայժմ պարզ չէ։ 

Համաժողովի նյութերը կհրապարակվեն «Ֆարմա» ամսագրում։

Միջազգային մասնակիցներ ներառող «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ․ միջմասնագիտական մոտեցում» համաժողովը տեղի կունենա 2015-ի նոյեմբերի 6-7-ին, Երեւանի «Էլիտ-պլազա» բիզնես-կենտրոնի սրահներում։

Համաժողովի կազմակերպիչներն են` Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան եւ Հայկական hակածերացման բժշկական ասոցիացիան:

Գլխավոր հովանավորներն են՝ Takeda-ն, Astellas-ը։ Հովանավորներն են՝ Prom-Test-ը, Rocordati-ն, Unipharm-ը, Bayer-ը։

Տեղեկատվական հովանավորներն են՝ NEWS.am Medicine-ը, Med-Practic-ը, «Առողջություն» ամսագիրը, Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը, Analitik.am-ը, hayacq.am-ը։ Գործընկեր` Platinium.ink։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել