• Latest news

«Հոֆման–լա Ռոշ» Հայաստան. օնկոհիվանդների համար «Քսելոդա» դեղամիջոցի հարցը լուծված է

16 նոյեմբերի, 2015  19:43

«Հոֆման Լա Ռոշ» ընկերությունը Հայաստանում վերագրանցել է «Քսելոդա» դեղամիջոցը, այս անգամ՝ 24-ամսյա պիտանելիության ժամկետով, եւ «Վագա ֆարմ» ներկրող ընկերությունը կարող է մոտ ժամանակներս շուկա հանել դեղամիջոցի ներկրած քանակը։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է «Հոֆման Լա Ռոշի» հայկական ներկայացուցչության ղեկավար Աննա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այսօր նա Դեղերի փորձագիտական կենտրոնից հաստատում է ստացել, որ դեղամիջոցի գրանցումը ավարտվել է, եւ արդեն մի քանի օրից, երբ ներկրողը ավարտի ձեւակերպումը, այն կհայտնվի դեղատներում։

Աննա Հովհաննիսյանը նշեց, որ խնդիրը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուշադրության կենտրոնում էր, եւ նա անձամբ կարգադրել է լուծել կարճ ժամկետում գրանցելու հարցը, որպեսզի քաղցկեղով հիվանդները երկար ժամանակ առանց դեղամիջոցի չմնան։

Պատասխանելով հարցին, թե ինչու է նման իրավիճակ առաջացել, Աննա Հովհաննիսյանը նշել է, որ ժամանակին «Հոֆման Լա Ռոշը» Հայաստանի համար նախատեսված դոսյեում գրանցել էր «Քսելոդա» դեղամիջոցը, որի պահպանման ժամկետը 36 ամիս էր, քանի որ Հայաստանը գտնվում է երկրորդ կլիմայական գոտում։ Դեղամիջոցը ներկրվում էր 24-ամսյա պահպանման ժամկետով, սակայն ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնում։ «Եթե, օրինակ, ներկրվեր 48-ամսյա պիտանելիության ժամկետով դեղամիջոց, դա կարող էր խնդիր առաջացնել, բայց քանի որ միշտ ներկրվել է ավելի քիչ պիտանելիության ժամկետով դեղամիջոց, դա խնդիրներ չի առաջացրել։ Այս անգամ ավելի խիստ մոնիտորինգ է իրականացվել, եւ դեղամիջոցի ներկրումը արգելվել է»,- ասել է Աննա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ պետք է արժանին մատուցել Առողջապահության նախարարությանը եւ Դեղերի փորձագիտական կենտրոնին, որոնք արել են ամեն բան հարցն արագ լուծելու համար։

Եկող տարի «Հոֆման Լա Ռոշ» ընկերությունը Հայաստանում կներկայացնի «Քսելոդա» դեղամիջոցը՝ Հայաստանի  համար հատուկ փաթեթավորմամբ եւ 36-ամսյա պահպանման ժամկետով։ Այլեւս նման խնդիրներ չեն առաջանա, հավաստիացրել է ներկայացուցչության ղեկավարը։

Հիշեցնենք, որ Դեղերի փորձագիտական կենտրոնը սեպտեմբերի վերջին արգելել էր «Վագա ֆարմ» ընկերությանը Հայաստան ներկրել «Քսելոդա» դեղամիջոցը՝ ներկրված դեղորայքի եւ Հայաստանում գրանցված դեղորայքի պիտանելիության ժամկետների անհամապատասխանության պատճառով։ Խմբաքանակը մինչ այսօր գտնվում է մաքսային պահեստում։

Ընկերության ղեկավար Վահե Վարսանյանը պատրաստ էր դատարան դիմել։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա ասել էր, որ օրենքը չի պարտադրում վերագրանցել դեղամիջոցը դրա պահպանման ժամկետի փոփոխման, անգամ երկարաձգման ժամանակ։

NEWS.am Medicine-ի անցկացրած հարցմանը մասնակցած բժիշկներն ու հիվանդները նշել են, որ այդ դեղամիջոցն այլընտրանք չունի, եւ դրա բացակայությունը էապես նկատելի է։ Միաժամանակ Առողջապահության նախարարությունը օրերս հայտնել է, որ հայաստանյան շուկայում կա ուրիշ գրանցված դեղամիջոց, որը պարունակում է նույն ակտիվ նյութը՝ «Կապեցիտաբինը»։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է