Քնի հետ խնդիրնե՞ր ունեք։ Գուցե պետք է ուշադրություն դարձնեք այն բանին, թե ինչպես եք սնվում։ Արեւմտյան մասնագետների կարծիքով ճիշտ սնունդը ճիշտ ժամանակին կարող է օգնել Ձեզ ավելի արագ քուն մտնելու եւ լավացնելու քնի որակը։

Նուշ

Բժշկական գիտությունների դոկտոր Ջեյկոբ Թեյտելբաումը պնդում է, որ նուշը մագնիում է պարունակում, որը հանգստացնում է մկանները եւ օգնում է քնել։ Բացի այդ, նուշը օգնում է պահպանելու շաքարի կայուն մակարդակը արյան մեջ։ Ուստի եթե վատ եք քնում, փորձեք մի բուռ նուշ ուտել պառկելուց առաջ, բայց 30 գրամից ոչ ավելի։

Բանան

Բանանները մեծ քանակությամբ մագնիում եւ կալիում են պարունակում, որոնք կարող են հանգստացնել լարված մկանները։ Այս մասին ասում է բժշկական գիտությունների դոկտոր Սաունդրա Դալթոն-Սմիթը։ Բանանները պարունակում են նաեւ տրիպտոֆան, որի ամինաթթվից օրգանիզմում անջատվում է սերատոնին՝ երջանկության եւ էմոցիոնալ կայունության հորմոնը։ Գիշերը քնած մարդու օրգանիզմում սերատոնինից արտադրվում է մելատոնին, որի պակասը անքնություն է առաջացնում։

Սակայն պետք չէ մոռանալ, որ բանանները շատ կալորիաներ են պարունակում, եւ դրանց չափից շատ օգտագործման հետեւանքները կարող են Ձեզ դուր չգալ։

Կաթնամթերք

Կաթը, յոգուրտը եւ պանիրը եւս հարուստ են տրիպտոֆանով, իսկ նրանց մեջ պարունակվող կալցիումն օգնում է պայքարելու սթրեսի դեմ եւ հանգստացնում է նյարդերը։ Այդ պատճառով բժիշկ Դալթոն-Սմիթը պնդում է, որ առանց շաքարի յոգուրտի կամ կաթի մեկ բաժակը քնելուց որոշ ժամանակ առաջ կօգնի ոչ միայն լավ քնել, այլեւ վերջապես դադարել մտածել այն բանի մասին, թե շեֆը ցերեկն ինչ էր Ձեզ ասում։

Վարսակի շիլա

Սովորաբար մենք ուտում ենք վարսակը առավոտյան, բայց դիետոլոգՍտեֆան Դորլանդտը, Հարավային Կալիֆոռնիայից, ասում է, որ մի փոքր աման վարսակի շիլան քնեկուց առաջ էլ կարող է շատ օգտակար լինել. այն պարունակում է գրեթե բոլոր վիտամիններն ու միներալները, որոնք օգնում են քնել ու լավացնել քնի որակը։ Բայց քնելուց առաջ վարսակը ոչ մի դեպքում չի կարելի ուտել շաքարով, թե չէ լրիվ հակառակ էֆեկտ կլինի։ Այն կարելի է ուտել մրգերով, թեկուզ եւ բանանով, որի մասին վերը արդեն նշել էինք։

Ի՞նչ ՉԻ կարելի ուտել քնելուց առաջ

Ճարպոտ եւ կծու սնունդ գիշերով ավելի լավ է չուտել, քանի որ դրանից հետո քնելը դժվար կլինի։ Շատ հեղուկ խմել եւս խորհուրդ չի տրվում հասկանալի պատճառներով։ Ինչ վերաբերում է ալկոհոլին եւ կոֆեինին, հիշե՛ք, որ դրանց գրգռող ազդեցության մարման համար առնվազն 8 ժամ է պահանջվում։ Այնպես որ, ալկոհոլային եւ կոֆեին պարունակող խմիչքները ավելի լավ է խմել ցերեկը։

Եվ ամենակարեւորը, մի՛ մոռացեք, որ սնունդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց գոնե երկու ժամ առաջ, որ օրգանիզմը հասցնի մարսել կերածը։