• Latest news

Նոր տեխնոլոգիաներն ու դեղերը հասանելի են դառնում Հայաստանի ուռուցքային հիվանդներին

22 հունվարի, 2016  14:28

Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոն մտնելիս առաջինը նկատում ես  դիմացի պատի որմնաքանդակը: Սա դեռեւս 1981 թվականին կառուցված շենքի ինքնատիպ անձնագիրն է,  անցյալի փոքրաթիվ մասնիկներից մեկը, որոնք այստեղ խնամքով պահպանվում են։ Մնացած ամեն ինչ փոխում է իր դեմքը` ժամանակի պահանջներին համապատասխան. կենտրոնը վերանորոգվում է եւ արդիականացվում:  Նոր ընդարձակ ընդունարան, որտեղ այլեւս անցյալի կուտակումներ չկան, վերանորգված բաժանմունքներ եւ, ամենակարեւորը, նոր, ժամանակակից տեխնիկա:   

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը նշում է, որ արդեն մի տարի է, ինչ վերանորոգման եւ արդիականացման աշխատանքներ են տարվում:

«Մեկ տարվա ընթացքում հիմնական մասնաշենքի մեծ մասը վերանորոգվել է։ Բացի այդ կենտրոնը համալրվել է նորագույն տեխնիկայով։ 2015 թվականին կենտրոնը ձեռք է բերել երկու նոր սոնոգրաֆ, ԿՏ, եւ նորագույն Տոշիբա մակնիշի ռենտգեն ապարատ», – ասում է նա։

Ըստ տնօրենի, կենտրոնը նաեւ օգնում է հիվանդներին թանկարժեք դեղորայքի ձեռք բերման գործում։ «Վերջին ժամանակահատվուծում հաջողվեց Առողջապահության նախարարության հետ, Հայ օգնության ֆոնդի գործունեության շնորհիվ հումանիտար ճանապարհով ձեռք բերել «Ավաստին» դեղամիջոցի 780 սրվակ։ Այն արդեն մեկ շաբաթ է տրամադրում է հիվանդներին անվճար։ Շուկայական արժեքը այդ դեղամիջոցի կազմում է 800 000–1 000 000 դրամ», – ասում է Արմեն Տանանյանը։

Toshiba մակնիշի ռենտգենյան նոր սարքը նախորդներից տարբերվում է նրանով, որ անալոգաթվային է եւ հեռակառավարվող:

«Բժիշկը գտնվում է հարակից սենյակում, չի ճառագայթվում, եւ դա բարձրացնում է եւ աշխատանքի որակը, եւ ապահովում է աշխատող պերսոնալի անվտանգությունը», – ասում է ռենտգենային ախտորոշման բաժանմունքի ղեկավար Արմեն Գիշյանը։

Ճառագայթային ախտորոշման բաժանմունքում ծանոթացնում են եւս մի հետաքրքիր սարքի. գծային էլեկտրոնային արագացուցիչ, որը կենտրոնը ստացել է ՄԱԳԱՏԵ-ի հետ համագործակցության շրջանակում: Այն եռաչափ ճառագայթման հնարավորություն է տալիս:

«Դա նշանակում է, որ մենք կարող ենք ուռուցքին մոտեցնել մաքսիմալ դոզան, մինիմալ վնաս հասցնելով շրջակա նորմալ հյուսվածքներին։ Մենք թիրախին հասցնում ենք մեր ուզած չափաբաժինը, որը կարող է ոչնչացնել կամ կայունացնել ուռուցքի աճը», – ասում է ճառագայթային բաժանմունքի ղեկավար Սամվել Քարամյանը։

Այս սարքը մի առանձնահատկություն եւս ունի. դրա մեջ ներկառուցված է հիվանդի ճիշտ դիրքավորման համար նախատեսված ռենտգենոլոգիական սարքավորում: 

Կենտրոնը ձեռք է բերել նաեւ սպեկտ-գամմա–խցիկ ներքին օրգանների սցինտիգրաֆիայի համար: Ուռուցքաբանության մեջ այն հիմնականում օգտագործվում է ոսկրային համակարգի ուռուցքների եւ մետաստազների ախտորոշման նպատակով: 

Քիմիաթերապիայի բաժանմունքը բազմամարդ է: Սպասում են հերթական չափաբաժինը ստանալու իրենց հերթին, այդ թվում ` Ավաստին դեղամիջոցի, որի մասին խոսում էր տնօրեն Արմեն Տանանյանը: Նկարահանող խմբին տեսնելով` մարդիկ շտապում են իրենց խնդիրները ներկայացնել. պետությունը քիչ է վճարում, դեղամիջոցները թանկ են… Մինչդեռ բուժանձնակազմի նկատմամբ հիվանդները հատուկ վերաբերմունք ունեն։ Ասում են` նրանք իսկական հերոսներ են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել