«Էներգետիկ ընպելիք»անունը ճիշտ չէ, քանի որ այդ ըմպելիքներն էներգիա չեն հաղորդում, դրանք խթանում են, աում է Fox News հեռուստաալիքի Health News-ի խմբագիր Մեննի Ալվարեսը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ բացի մեծ քանակությամբ կոֆեինի պարունակությունից՝ դրանք առողջության համար ոչ մի դրական կողմ չունեն:
Ըմպելիքների անցանկալի կողմնակի ազդեցություններից են՝ հաճախացած սրտխփոցը, հիպերտոնիան, անհանգստությունը, գլխացավերը եւ քնի խանգարումը: Մայամիի համալսարանում վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ կան նաեւ ավելի լուրջ կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են՝ կաթվածը եւ հանկարծակի մահը:
«Ես հասկանում եմ, որ դժվար է հավատալ, որ լիմոնադի պես ըմպելիքը կարող է առաջացնել այս բոլոր ախտանիշերը: Բայց եկեք փաստերով առաջնորդվենք՝ էներգետիկ ըմպելիքը 3-5 անգամ ավելի շատ կոֆեին է պարունակում, քան սովորական լիմոնադը: Այն պարունակում է նաեւ մի շարք չկարգավորվող բուսական խթանիչներ եւ բնական խառնուրդներ, ինչպես՝ տաուրին, գուարանա, կրեատին եւ վիտամին B: Եվ շատ հաճախ արտադրողները նույնիսկ այս բաղադրիչները չեն նշում պիտակի վրա:
Գիտեմ, որ հիմա բոլորը զբաղված են, երեխաները տարբեր արտադասարանային պարապմունքների, թեստերի եւ նախագծերի են մասնակցում, բայց էներգետիկ ըմպելիքները խնդրի լուծում չեն:
Ամենասարսափելին այն է, որ այս մթերքները հասանելի են, ունեն վառ փաթեթավորում եւ գրավիչ գովազդային հոլովակներ: Արտադրողները կարծես հատուկ են երեխաներին գցում իրենց թակարդը:
Իսկ երբ երեխաները հիվանդանում են, բոլորը զարմանում են՝ ի՞նչ եղավ», - գրում է Ալվարեսը:






