• Latest news

Հանրային առողջության պահպանման ինչ ծրագրեր են իրականացվում Ռուսաստանում, Բելառուսում եւ Իրանում (ֆոտո)

1 մարտի, 2016  15:12

Հայաստանում այսօր հանրային առողջապահության մի շարք ծրագրեր են իրականացվում: Դրանց թվին են պատկանում իմունոկանխարգելման ծրագիրը, 3 ամենատարածված ոչ վարակիչ հիվանդությունների ի հայտ բերման սքրինինգային ծրագիրը: Իսկ ինչ ծրագրեր են իրականացվում Ռուսաստանում, Բելառուսում եւ Իրանում: Եվ որքանով են դրանք արդյունավետ

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, Ռուսաստանում իրականացվող հանրային առողջապահության ծրագրերը կարելի է երեք խմբի բաժանել: 

Առաջին խմբի մեջ են մտնում առողջ կենսակերպի ձեւավորման հետ կապված ծրագրերը: Դա ծխելու դեմ պայքարի մասին օրենքի ընդունումն է եւ այդ պայքարի համար պայմանների ապահովումը, խմելու, հարբեցողության դեմ պայքարի ծրագրերը, առողջ սննդի հայեցակարգերը, աղի, շաքարի, տրանսճարպերի եւ մարդու առողջության համար վնասակար որոշ այլ մթերքների  օգտագործման սահմանափակմանն ուղղված միջոցները: Ծրագրերի երկրորդ խումբը սքրինինգայիններն են: Ռուսաստանի Դաշնությունում, նախարարի խոսքով, 2013 թվականից լայնածավալ սքրինինգներ են ներդրվել, որոնք երեխաների շրջանում իրականցվում են ամեն տարի, իսկ մեծերի շրջանում` երեք տարին մեկ: Այդ ծրագրերի շնորհիվ հնարավոր է դարձել դեպքերի   72 տոկոսում ի հայտ բերել ուռուցքային հիվանդություններ վաղ` բուժելի փուլերում, ինչպես նաեւ վաղ ի հայտ բերել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոններ: 

Ծրագրերի երրորդ խումբն արդյունավետ բժշկական օգնություն տրամադրելու հնարավորությունն է այն դեպքում, երբ մարդն այնուամենայնիվ ուղեղի, սրտի կաթված է տարել կամ այլ խնդիր ունի: Այդ նպատակով Ռուսաստանում եռաստիճան համակարգ է ստեղծվել, որը, նախարարի խոսքով, լավ արդյունքներ է տվել եւ շարունակում է զարգանալ: 

Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոն իր հերթին նշել է, որ Բելառուսում ժողովրդագրական անվտանգության պետական ծրագիր է իրականացվում, որը ներառում է տուբերկուլյոզի, ՄԻԱՎ-ի, խմելու եւ հարբեցողության դեմ պայքարի ծրագրեր: Կան նաեւ ծրագրեր սրտաբանության ոլորտում: Ընդհանուր առմամբ հանրային առողջապահության ծրագրերն օգնում են ապահովել բնակչության բնական աճը, նշել է նախարարը: 

Նախարարի խոսքով, Բելառուսում նաեւ իմունոկանխարգելման արդյունավետ ծրագիր է իրականացվում. բնակչության 95-97 տոկոսը պատվաստումներ է ստացել բոլոր վարակների դեմ, որոնց դեմ պատվաստում գոյություն ունի:  

Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարարն իր հերթին նշել է, որ Իրանում 2000 մարդուն 1 բժիշկ է բաժին ընկնում, առողջապահության ոլորտում ծառայությունները հիմնականում անվճար են, իսկ բնակչության 98 տոկոսը բժշկական ապահովագրություն ունի: Իրանում առողջապահության նախարարությունն իր բյուջեով երկրորդն է, որովհետեւ առողջապահության ոլորտը շատ կարեւոր է երկրի ղեկավարի համար, նշել է Հասան Հաշիմին: 

Իրանում մահերի 75 տոկոսը ոչ վարակիչ հիվանդություններն են, որոնցում մեծ տեղ են զբաղեցնում սիրտ-անոթային հիվանդությունները, նշել է նախարարը: Այդ հիվանդությունների կանխարգելման համար առողջ կենսակերպը  եւ սպորտով զբաղվելը, ինչպես նաեւ աղի եւ շաքարի օգտագործման սահմանափակումը խրախուսող ծրագրեր են իրականացվում: Բացի այդ, Իրանի բնակչության 80 տոկոսի մոտ D վիտամինի պակաս է նկատվել, այդ պատճառով երկրում ալյուրը հարստացվում է այդ վիտամինով, ինչպես նաեւ ֆոլիաթթվով եւ երկաթով: 

Ինչ վերաբերում է վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, Իրանում ծնված յուրաքանչյուր երեխա 10 պատվաստում է ստանում:

Հիշեցնենք, որ առողջապահության ներկայիս համակարգի առաջնահերթ խնդիրն է   կանխարգելել հիվանդությունները եւ թույլ չտալ, որ գործը բուժման հասնի: Հենց այդ նպատակին հասնելու ուղիներին է նվիրված այսօր Երեւանում սկսված նախարարական միջազգային համաժողովը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll