Որոշ հաճախ օգտագործվող սնկասպաններ, հայտնվելով մարդու օրգանիզմում, կարող են գենային այնպիսի փոփոխություններ առաջացնել, որոնք նման են աուտիզմով եւ նյարդաբանական այլ փոփոխություններով տառապող մարդկանց գենային փոփոխություններին: Նման եզրակացության են հանգել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի Բժշկական դպրոցի կենսաբանները, հայտնում է համալսարանի կայքը: 

Գիտնականները փորձարկել են քիմիական 300 տարբեր նյութի ազդեցությունը մկների ուղեղի վրա` ստուգելով, թե ինչպես են ազդում նյարդային բջիջների վրա: Հետազոտողներն առանձնացրել են այդ նեյրոնների ՌՆԹ-ն` պարզելու այն գեները, որոնց գործառույթները տուժել են միջատասպաններից: Համակարգչային ծրագրի օգնությամբ կենսաբանները պարզել են, թե ինչ նյութեր են համանման փոփոխություններ առաջացրել գեների ակտիվության մեջ: 

Հետազոտողներին հաջողվել է նկարագրել նյութերի վեց խումբ` ըստ ուղեղի վրա դրանց ազդեցության: Ընդ որում, խմբերից մեկը գեների վրա այնպես է ազդում, որ նրանց գործառույթները բնորոշ են դառնում աուտիզմով կամ Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մարդկանց գեներին: Միջատասպանների այդ դասի մեջ են մտել ռոտենոնը, պիրիդաբենը եւ ֆենիպիրոքսիմատը, ինչպես նաեւ պիրակլոստրոբին, տրիֆլոքսիստրոբին, ֆենամիդոն սնկասպանները եւ մի շարք այլ միացություններ, հայտնում է Lenta-ն:

Գիտնականներն ընդգծում են, որ առայժմ վաղ է ասել, թե տվյալ նյութերը կարող են նեյրոդեգեներատիվ խանգարումներ առաջացնել, չնայած նման հնարավորություն կա: