Գիտական հետազոտությունները մեզ նորանոր տեղեկություններ են տրամադրում սննդամթերքի եւ դրա օգտակարության կամ վնասակարության վերաբերյալ, եւ երբեմն նոր հետազոտությունները լիովին հակասում են հների տվյալներին: Տեղեկությունների նման քանակության պարագայում բավականին բարդ է կողմնորոշվելը եւ հասկանալը, թե որ մթերքներն արժե ուտել, իսկ որոնք` ոչ:
Լոնդոնի Արքայական քոլեջի սննդի մասնագետ Սքոթ Հարդինգը պատմել է այն «վատ» մթերքների մասին, որոնք իրականում օգտակար են առողջության համար:
Ձվեր
Երկար տարիներ ընդունված էր համարել, որ ձվերը վնասակար են սրտի համար, չէ որ մեկ մեծ ձվում մոտ 185 մգ խոլեստերին է պարունակվում: Սակայն, ինչպես ցույց են տվել շատ հետազոտություններ, սննդի մեջ նման խոլեստերինի օգտագործումը սովորաբար չի բարձրացնում մարդու արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Դիետոլոգի խոսքով, ձուն սպիտակուցի, օգտակար ճարպերի, վիտամինների եւ հանքանյութերի հրաշալի աղբյուր է եւ չարժե դրանք բացառել սննդակարգից:
Կարտոֆիլ
Կարտոֆիլն այն փոքրաթիվ բանջարեղենների թվին է պատկանում, որոնք առողջության համար վնասակար են համարվում: Իրականում, դիետոլոգի խոսքով, կարտոֆիլում պարունակվում են С, В վիտամիններ, ինչպես նաեւ որոշ օգտակար հանքանյութեր, այդ պատճառով այն կարող է օգտակար լինել. ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են պատրաստում: Կարծիք կա, թե ամենից ավելի օգտակար է խաշելն ու սառեցնելը. այդպես ավելի դանդաղ կմարսվի:
Հում ընկույզ եւ գետնանշի յուղ
Ընկույզը բավականին վատ «համբավ» ունի դրանում ճարպի եւ կալորիաների առկայության պատճառով: Բայց այսօր գնալով ավելի ու ավելի է հաստատվում այն, որ հում ընկույզն օգտակար է առողջությանը եւ նույնիսկ օգնում է պահպանել առողջ քաշը:
Ինչպես ցույց է տվել British Journal of Nutrition-ում հրապարակված հետազոտությունը, հում ընկույզը նվազեցնում է սրտի հիվանդություններից մահվան ռիսկը: Ճիշտ է, առայժմ պարզ չէ, թե ընկույզում պարունակվող ճշգրիտ ինչ նյութեր են ապահովում առողջության վրա դրական ազդեցությունը:
Ավելին, ինչպես նշել է մասնագետը, ընկույզի յուղը (օրինակ` գետնանշի յուղը) եւս շատ օգտակար է, չէ որ դրանում շատ են սպիտակուցները, բջջանյութը, В6 վիտամինները եւ մագնիումը:
Կաթնամթերք
Նախկինում շատերը խուսափում էին կաթի, կարագի, յոգուրտների եւ պանրի օգտագործումից, բայց այդ մթերքները, ինչպես նշել է բժիշկ Հարդինգը, շատ օգտակար են առողջության համար, թեկուզ այն պատճառով, որ դրանցում սպիտակուցներ եւ կալցիում է պարունակվում:
Չնայած կաթնամթերքը շատ ճարպեր է պարունակում, դա չի նշանակում, թե արժե խուսափել դրանից, եթե Ձեր սննդակարգի ընդհանուր կալորիականությունը եւ դրանում ճարպերի պարունակությունը նորմայի սահմաններում է:






