Եթե Դուք քնի հետ կապված խնդիրներ ունեք, մի շտապեք քնաբեր ընդունել. Փորձեք նախ փոխել քնի հետ կապված ձեր սովորույթները, ինչպես նաեւ ձեր սննդակարգը: 

NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի մթերք, որոնք կօգնեն ավելի հեշտորեն քնել եւ բարելավել քնի որակը: Հիշեք սակայն, որ այս բոլոր մթերքներն արժե օգտագործել քնից ոչ թե անմիջապես առաջ, այլ`   3-4 ժամ:

Կաթ

Մի բաժակ տաք կաթն անքնության դեմ հայտնի միջոց է, եւ դա նույնիսկ գիտական բացատրություն ունի. կաթը տրիպտոֆանի ամինաթթու է պարունակում, որը հանգստացնում է նյարդերը եւ քնկոտություն է առաջացնում: Բացի այդ, կաթի մեջ կալցիում է պարունակվում, որը նպաստում է ամինաթթվի լավ յուրացմանը եւ ուղեղին օգնում է կարգավորել մելատոնինի` քնի շրջափուլերը կառավարող  նյութի արտադրությունը: 

Եթե Դուք ինչ-որ պատճառով չեք կարող կաթ խմել, դրա փոխարեն կարելի է պանիր ուտել, կաթնաշոռ, մածուն կամ յոգուրտ: 

Երիցուկի թեյ

Մի բաժակ երիցուկի թեյը դարերով փորձված մեկ այլ միջոց է, որն օգնում է քուն մտնել: Այս ծաղկում պարունակվող ապիգենին նյութը թուլացնում է հարթ մկանները եւ դրականորեն է ազդում նյարդային համակարգի վրա: Եթե Դուք երիցուկից ալերգիա չունեք, փորձեք քնից առաջ մի բաժակ երիցուկի թեյ խմել: 

Բանան

Բանանը ոչ միայն բնական հակադեպրեսանտ է, այլեւ լիովին արդյունավետ քնաբեր:  Բանանը մելատոնին եւ սերատոնին է պարունակում` հորմոններ, որոնք օգնում են քնել:  Բացի այդ, այն մագնիումով է հարուստ, որը թուլացնում է մկանները, հանգստացնում է նյարդային համակարգը եւ հանում է լարվածությունը, ինչը նպաստում է լավ քնին; 

Նուշ

Նուշը մագնիում եւ տրիպտոֆան է պարունակում, որոնք հանում են անհանգստությունը եւ լարվածությունը եւ ընդհանուր հանգստացնող ազդեցություն են ունենում: Նշում պարունակվող սպիտակուցները կայունացնում են արյան մեջ շաքարի մակարդակը` խոչընդոտելով ադրենալինի ժայթքումները: Քնից 3-4 ժամ առաջ նուշ ուտելը կօգնի լավ քնել: