1-ին տեսակի դիաբետով մարդկանց կյանքի միջին տեւողությունը   12 տարով  պակաս է միջին վիճակագրականից, հայտնում են Դիաբետի ինստիտուտի գիտնականները   (Մելբուրն, Ավստրալիա), որոնք 1997-ից մինչեւ 2010-ը հետեւել են Ավստրալիայի դիաբետով հիվանդներին::  

1997-ից մինչեւ 2010-ը մարդկանց կյանքի միջին տեւողությունն աճել է, բայց այս աճը համընկել է առողջ մարդկանց մոտ համանման ցուցանիշի աճի հետ: Իսկ դա նշանակում է, որ այդ հիվանդությունը սկսել են ավելի լավ վերահսկել:  1-ին տեսակի դիաբետով հիվանդ մարդիկ կյանքից հեռանում են միջինը 68.6 տարեկանում, ինչը 12.2 տարով պակաս է, քան մնացած բնակչության կյանքի տեւողությունը: 

Ամեն տարի 1-ին տեսակի դիաբետ են ախտորոշում մոտավորապես 78 000 երեխայի մոտ: Առաջին տեսակի դիաբետն անբուժելի աուտոիմունային հիվանդություն է, որը սովորաբար սկսվում է մանուկ հասակում:  1-ին տեսակի դիաբետի դեպքում օրգանիզմը դադարում է ինսուլին արտադրել, ընդ որում, այս հիվանդության պատճառներն անհայտ են:    Ի տարբերություն երկրորդ տեսակի դիաբետի, այս հիվանդությունը կենսակերպի հետ ոչ մի կապ չունի, այդ պատճառով անհնար է այն կանխարգելել առողջ կենսակերպի կամ այլ միջոցների օգնությամբ: 

Հետազոտության հեղինակների խոսքով, առաջին տեսակի դիաբետի  վաղ սկիզբը կարող է այն բանի ցուցանիշ համարվել, որ հիվանդության զոհին վաղաժամ մահ է սպասում: Ամենից հաճախ դիաբետով հիվանդները մահանում են արյան շրջանառության հիվանդություններից, էնդոկրին  եւ նյութափոխանակային խանգարումներից:  Ցանկալի է, որ բժիշկները հենց այդ գործոնների վրա ուշադրություն դարձնեն, եթե ուզում են մեծացնել դիաբետով հիվանդների կյանքի տեւողությունը: