Մաշկի քրոնիկ փսորիազ հիվանդությունը հնարավոր կլինի բուժել նյութի միջոցով, որն ազդում է անմիջապես բջիջներում գենետիկական նյութի փոքր մասնիկի վրա, ցույց է տվել կենդանիների վրա կատարված նոր ուսումնասիրությունը:

Գիտնականները պարզել են, որ միկրո-ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) գենետիկական նյութի արգելափակումը թեթեւացրել է բորբոքային գործընթացը մկների օրգանիզմում, որոնց փսորիազով հիվանդ մարդկանց մաշկ են կպցրել:

Փսորիազն ամենատարծված աուտոիմունային հիվանդություններից է, որի դեպքում իմունային համակարգը գրոհում է սեփական օրգանիզմի բջիջների վրա: Փսորիազով տառապում են այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են՝ Քիմ Քարդաշյանը եւ հայտնի երգչուհի ԼիԱնն Ռայմզը:

Մինչ օրս փսորիազի առաջացման պատճառը պարզ չէ՝ չնայած գիտնականները կասկածում են, որ այն գենետիկական եւ բնապահպանական գործոնների համադրություն է: Հիվանդությունն արտահայտվում է քոր առաջացնող բծերով, թեփոտ մաշկով, այդ թվում՝ գլխի մազածածկ մասում, հայտնում է Fox News-ը:

Թեթեւացնում են ստերոիդային քսուկները, երբեմն իմունոսուպրեսորներ են օգտագործվում, լուսային թերապիա, բայց հիմնականում հիվանդությունն անբուժելի է:

Խուան Գուինեա-Վինիեգրան եւ նրա գործընկերները Մադրիդի (Իսպանիա) քաղցկեղի ուսումնասիրման գիտահետազոտական ազգային կենտրոնից (CNIO) ցույց են տվել, որ անտագոմիր կոչվող նյութը կարող է միկրո-ՌՆԹ-ն արգելափակել այլ ՌՆԹ-ներից:

Երբ ՌՆԹ-ն անտագոմիրի միջոցով արգելափակվել է, փսորիազի առաջացրած բորբոքումը նվազել է, ասում են գիտնականները: