University of British Columbia-ի գիտնականները ցույց են տվել, որ հիդրոմորֆոնը, որն օպիոիդ ցավազրկող է, կարող է օգտագործվել հերոինից կախվածություն ունեցող մարդկանց համար փոխարինիչ թերապիայի շրջանակում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թմրանյութերից կախվածության դեպքում փոխարինիչ թերապիա է խորհուրդ տալիս, եւ այն այսօր կիրառվում է շատ երկրներում, այդ թվում նաեւ` Հայաստանում: Կանադացի հետազոտողները պարզել են, թե արդյոք արդյունավետ է նման թերապիայի շրջանակում հիդրոմորֆոնի օգտագործումը:
Հետազոտությանը Վանկուվերի 202 բնակիչ է մասնակցել, որոնք հերոինից կախվածությամբ էին տառապում: Մասնակիցների միջին տարիքը 44 տարի էր կազմում: Մասնակիցների մի խումբը հիդրոմորֆոն էր ստանում, մյուսը դիացետիլմորֆին (դեղագործական հերոին): Փորձարկվողները բժիշկների հսկողության տակ կես տարի շարունակ օրական 1-ից 3 ներարկում են ստացել:
Ամբողջական կուրսն անցել է մասնակիցների 80 տոկոսը: Հիդրոմորֆոնների արդյունավետությունը նման է եղել դեղագործական դիացետիլմորֆինի արդյունավետությանը: Հետազոտության մասնակիցները սկսել են ավելի հազվադեպ օգտագործել «փողոցի» հերոին. դրա օգտագործման հաճախությունը նվազել է ամենօրյայից մինչեւ ամիսը 3-5 անգամ:
Հետազոտության հեղինակները նշել են, որ 88 500 ներարկումից 29-ը ուղեկցվել է լուրջ երկրորդական հետեւանքներով. 24-ը` վերահսկողական խմբում, 5-ը` փորձարարական: Այդ թվում` 11-ը ջղակծկում է ունեցել, իսկ մասնակիցներից 14-ի մոտ չափաբաժնի գերազանցում է արձանագրվել:
Սա իր տեսակի մեջ առաջին հետազոտությունն է, եւ ստացված արդյունքները վկայում են, որ հիդրոմորֆոնը փոխարինող թերապիայի դեպքում կարող է օգտագործվել որպես այլընտրանք դեղագործական հերոինին այն դեպքերում, երբ մետադոնը եւ սուբոսկոնը չեն համապատասխանում հիվանդին:
Այդ մասին հայտնում է Journal of the American Medical Association (JAMA) Psychiatry-ն:






