Օրգանիզմը պե՞տք է մաքրել տոքսիններից, թե ոչ, վիճելի հարց է: Ոմանք կարծում են, թե այո, մյուսներն էլ` որ դա ժամանակի ավելորդ կորուստ է:  NEWs.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի մթերք, որոնք ոչ միայն օգնում են մաքրել օրգանիզմը եւ մի քիչ նիհարել, այլեւ օգտակար են առողջության համար:  

Կանաչ թեյ

Կանաչ թեյը հագեցած է պոլիֆենոլներով` հակաօքսիդանտներով, որոնք օգնում են օրգանիզմում չեզոքացնել ազատ ռադիկալները եւ օրգանիզմն ազատել տոքսիններից: Կարծիք կա նաեւ, թե կանաչ թեյն արագացնում է նյութափոխանակությունը եւ կարող է օգնել նիհարելու գործընթացին: Ճիշտ է, չի կարելի շատ այդպիսի թեյ խմել, օրական ցանկալի է խմել  2 բաժակից ոչ ավելի: 

Վարունգ

Վարունգը հրաշալի բանջարեղեն է օրգանիզմը տոքսիններից ազատելու համար: Դրանում շատ ջուր կա, իսկ կալորիաներ գրեթե չկան: 

Կիտրոն եւ լայմ

Կիտրոնը խթանում է լյարդի աշխատանքը եւ տարրալուծում է միզաթթուն, ինչպես նաեւ այլ թույներ, որոնք հետո մաքրվում են օրգանիզմից: Առավել արագ դետոքսիկացիայի համար մի բաժակ կիտրոնի հյութ խմեք: Այն նաեւ խթանում է մարսողական համակարգը եւ նպաստում է աղիների ավելի լավ շարժունակությանը, իսկ դա իր հերթին օգնում է ազատվել տոքսիններից: Սակայն զգույշ եղեք, չափից շատ կիտրոն մի օգտագործեք:  

Ձմերուկ

Ձմերուկը մեծ քանակությամբ ցիտրուլին է պարունակում, որն օգնում է օրգանիզմից հանել ամիակը եւ այլ թունանյութեր: Բացի այդ, ձմերուկը կալիումի հրաշալի աղբյուր է, որը նպաստում է օրգանիզմում նատրիումի եւ ջրի հաշվեկշռի պահպանմանը, ինչը շատ կարեւեր է դրա մաքրման համար: Միակ խնդիրն այն է, որ մինչեւ ձմերուկի սեզոնն անհրաժեշտ է մի քանի ամիս սպասել: 

Դաղձ

Դաղձի տերեւներն օգնում են ավելի լավ մարսել սնունդը եւ շոգին հովացնում են  օրգանիզմը: Բացի այդ, դաղձն օգնում է նվազեցնել ճնշումը եւ մաքրել օրգանիզմը: