Զիկա վիրուսի ամենամեծ կենտրոնացումը հայտնաբերվել է տղամարդու ամորձիներում, ինչը եւս մեկ անգամ հաստատում է վիրուսի սեռական եղանակով փոխանցման հնարավորությունը, հայտնում են Վաշինգտոնի համալսարանի Բժշկության դպրոցի գիտնականները: 

Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու նպատակով գիտնականները մկնային մոդել են ստեղծել, որը նմանակում է մարդու օրգանիզմում վարակը: Վիրուսի բավականին մեծ խտություն գիտնականները հայտնաբերել են վարակված մկների գլխուղեղում եւ ողնուղեղում, ինչը կարող է հաստատել այն փաստը, որ վիրուսը կարող է մոր արգանդում պտղի  մեջ նյարդաբանական խանգարումներ առաջ բերել: Շատ վիրուս է կուտակվել նաեւ արու մկների ամորձիներում: Հետազոտության առաջատար հեղինակ Մայքլ Դայմոնդը նշել է, որ գիտնականները զարմանքով պարզել են, որ հենց ամորձիներում էր վիրուսի առավելագույն կենտրոնացումը: 

Բոլորովին վերջերս ամերիկյան Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը մարդկանց զգուշացրել էր հղիություն չնախատեսել, եթե տղամարդը հիվանդ է եղել Զիկա տենդով: Վիրուսի` սեռական եղանակով փոխանցվելու տեսությունը գնալով ավելի ու ավելի է հաստատվում վերջերս: 

Այժմ Վաշինգտոնի համալսարանի Բժշկության դպրոցի գիտնականները պատրաստվում են պարզել, թե վիրուսը որքան երկար է մնում ամորձիներում` հասկանալու, թե Զիկա տենդ տարած մարդը որքան երկար է վարակիչ մնում: 

Այդ հետազոտության մասին հայտնում է Cell Host & Microbe ամսագիրը: