Այսօր մեզ բոլոր կողմերից շրջապատում է գովազդը ամեն տեսակ հրաշք հատապտուղների եւ այլ  «ճարպայրիչների» մասին, որոնց շնորհիվ հնարավոր է կարճ ժամանակում տասնյակ կգ-ով նիհարել: Ճշմարտությունն այն է, որ իրականում նիհարելու համար ոչ մի հրաշք միջոց գոյություն չունի, նիհարելու համար պետք է ուղղակի ճիշտ սնվել եւ սպորտով զբաղվել: 

Ավստրալացի դիետոլոգ Նիկ Ֆուլլերը Սիդնեյի համալսարանից, որն ուսումնասիրում է ճարպակալման խնդիրը, կազմել է այսպես կոչված  «ճարպայրիչների» ցուցակը, որոնք իրականում բոլորովին արդյունավետ չեն. 

Ասայայի հատապտուղներ

Ասայայի հատապտուղները հարուստ են վիտամիններով եւ կարեւոր միկրոտարրերով, սակայն ոչ մի ապացույց չկա, թե դրանք կարող են մարդկանց օգնել ազատվել ավելորդ քաշից, պնդում է գիտնականը: 

Կոֆեին

Համարվում է, որ կոֆեինը նպաստում է ճարպի էներգիայի վերածվելուն, սակայն իրականում ճարպաթթուների մեծ մասն արագ վերադառնում է իր նախնական վիճակին, դարձյալ կուտակվելով ճարպի տեսքով: Դա նշանակում է, որ իրականում կոֆեինը  ավելորդ քաշի դեմ պայքարում պլացեբոյից ավելի արդյունավետ չէ:   

Կանաչ թեյ

Կանաչ թեյն իհարկե շատ օգտակար է, սակայն դրա օգտագործման ընթացքում քաշի կորուստն աննշան է:  Այն մարդիկ, որոնք կանոնավոր կերպով կանաչ թեյ են խմում, ընդամենը 1 կգ-ով ավելի են կորցնում, քան նրանք, ովքեր նման բան չեն անում, իսկ թեյի օգտագործումը հավելումների կամ զտուկի տեսքով նման արդյունք չի տալիս: 

Կայենյան պղպեղ

Չնայած կայենյան պղպեղի օգտագործումը հանգստի վիճակում ավելի շատ կալորիա է այրում, քաշից ազատվելու համար դա որպես ինքնուրույն հավելում օգտագործելու արդյունավետությունը չի ապացուցվել, պնդում է գիտնականը: 

Գուարանա

Նիհարելու համար գուարանայի օգտագործումը ոչ միայն արդյունավետ չէ, այլեւ անվտանգ էլ չէ, ասում է մասնագետը: Ավելի քան 10 տարի առաջ տվյալ հավելումը շատ երկրներում արգելված էր: Այսօր գուարանան վաճառվում է  առանց իր հիմնական ակտիվ բաղադրիչի` խտացված կոֆեինի, սակայն չկա որեւէ գիտական ապացույց առ այն, որ գուարանան կարող է նպաստել քաշի կորստին: