Գիտությունը եւ տեխնոլոգիան խոսում են աշխարհի լեզվով եւ քաղաքական սահմաններ չեն ճանաչում: Գիտության եւ ժամանակակից տեխնոլոգիաների նպատակներից մեկը սահմաններ ջնջելն է, ատելության դեմ պայքարը եւ մարդկային կյանքն ավելի լավը դարձնելը: Հայաստանում Նոբելյան օրերի բացմանը ելույթ ունենալով` նման կարծիք է հայտնել Նոբելյան մրցանակակիր եւ կենսաբան Աարոն Չեխանովերը (Իսրայել):

Նրա խոսքով, քաղաքականությունը, դժբախտաբար, շատ բարդ է եւ հաճախ ատելության եւ արյունահեղությունների է հանգեցնում: Գիտությունն ու տեխնոլոգիաները, ի տարբերություն քաղաքականության, խոսում են աշխարհի լեզվով. դրանք քաղաքական սահմաններ չեն ճանաչում եւ ծառայում են խաղաղության պահպանմանը եւ կյանքի բարելավմանը: 

«Մենք պիտի գիտությունն ու տեխնոլոգիաներն օգտագործենք սահմանները ջնջելու, ատելության դեմ պայքարելու համար, մենք պիտի համագործակցենք կյանքի բարելավման, մարդու առողջության բարելավման, շփման միջոցների բարելավման համար` հեռախոսների, սմարթֆոնների, արբանյակների, փոխադրամիջոցների, համակարգիչների օգնությամբ», - ասել է մրցանակակիրը:

Աարոն Չեխանովերը Հայաստանին նաեւ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ հույս է հայտնել, որ ինքը եւ Նոբելյան մյուս մրցանակակիները դեռ շատ անգամներ կայցելեն Հայաստան: 

Հիշեցնենք, որ «Նոբելյան օրեր» միջոցառման շրջանակում առաջին անգամ` ընթացիկ  տարվա ապրիլի 12-ից 16-ին Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կհյուրընկալի Նոբելյան  5 մրցանակակրի:

Կենսաքիմիայի, ֆիզիկայի եւ բժշկության, ինչպես նաեւ աշխարհում գիտության գլոբալ խնդիրների վերաբերյալ դասախոսություններով հանդես են գալիս կենսաբաններ Աարոն Չեխանովերը (Իսրայել), Ադա Յոնատը (Իսրայել), ֆիզիկոս եւ քիմիկոս Դան Շեխտմանը (Իսրայել), պաթոլոգ Ջոն Ռոբին Ուորրենը (Ավստրալիա) եւ քիմիկոս Էյ Իթի Նեգիսին (Ճապոնիա):

Միջոցառման նշանաբանն է` «Ոգեշնչվիր եւ ստեղծիր»: