Պրոբիոտիկներն ի վիճակի են մարդուն պաշտպանել քաղցկեղից, ցույց է տվել նոր հետազոտությունը: Հետազոտության հեղինակները պարզել են, որ աղիներում որոշակի մանրէներ հակաբորբոքային հատկանիշներ ունեն, որոնք օգնում են դանդաղեցնել կամ կանգնեցնել ուռուցքի զարգացումը: 

Հնարավոր է, որ շատ շուտով բժիշկներն արդեն կարողանան էականորեն նվազեցնել հիվանդների մոտ քաղցկեղի ռիսկը նրանց աղիներում մանրէների մակարդակի եւ տեսակների անալիզի շնորհիվ: Հետեւաբար, տվյալ անալիզի հիման վրա կարող են պրոբիոտիկներ նշանակել հակաբորբոքային հատկանիշներ ունեցող մանրէների թվի փոփոխման կամ մեծացման համար, ենթադրում են հետազոտության հեղինակները Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանից:  

Միլիոնավոր տարիների ընթացքում աղիների մանրէները էվոլյուցիա են ապրել դեպի   «լավ» եւ «վատ» տարատեսակներ: «Լավերը» բորբոքումների դեմ պայքարելու հատկություն ունեն, իսկ «վատերը» բորբոքում են հարուցում: Մարդու մեջ մոտ   10 տրիլիոն մանրէ կա եւ ընդամենը մեկ տրիլիոն մարդկային բջիջ: Հետազոտության հեղինակներն առանձնացրել են   Lactobacillus johnsonii 456 անունով մանրէն, որն առավել օգտակար է համարվում:

Դիտարկումները ցույց են տվել, որ այս մանրէն նվազեցնում է գեների վնասման աստիճանը եւ էականորեն նվազեցնում է բորբոքային գործընթացները: Նոր հետազոտությունը բացատրում է, թե աղիների միկրոբիոտան ինչ եղանակով է ի վիճակի զսպել քաղցկեղի զարգացումը, ինչպես նաեւ թույլ է տալիս ենթադրել, որ պրոբիոտիկներով հավելումները կարող են ընդհանրապես խոչընդոտել ուռուցքների ձեւավորմանը: