Գիտնականները մուգ շոկոլադում բնական քնաբեր են հայտնաբերել: Դրա օգնությամբ հնարավոր է կայունացնել օրգանիզմի ներքին ցիրկադային ռիթմերը եւ գիշերը նորմալ քնել:
Էդինբուրգից գիտնականները պնդում են, որ սննդամթերքում մագնիումի` կարեւորագույն հանքանյութի պարունակությունն ազդում է մարմնի ցիրկադային ռիթմերի աշխատանքի վրա, որոնք կանխորոշում են քնի եւ արթնության ռեժիմի նորմալ աշխատանքը:
Հենց այդ պատճառով սիրելի քաղցրավենիքի կանոնավոր օգտագործումը կարող է մարդկանց օգնել հարմարվել ցերեկվա եւ գիշերվա հերթագայությանը, ինչը դրականորեն կազդի քնի որակի վրա: Նշենք, որ մագնիում շատ կա նաեւ այլ սննդամթերքներում, ներառյալ կանաչ տերեւային բանջարեղենը, ընկույզը, սերմերը, ձուկը, բակլայավորները, հատիկավորները, ավոկադոն, յոգուրտը, բանանները եւ չրերը:
Շատ քչերը գիտեն, որ մագնիումը կարեւոր է մեր օրգանիզմի համար. այն ոչ միայն նպաստում է մարմնի յուրաքանչյուր հյուսվածքի աշխատանքին, այլեւ դրականորեն է ազդում իմունային համակարգի գործունեության վրա` կանխարգելելով որոշ ուռուցքներ եւ նվազեցնելով սրտի կաթվածների ռիսկը: Իսկ այժմ պարզվել է, որ մագնիումը նաեւ օգնում է վերահսկել ցերեկվա եւ գիշերվա բնական հերթագայությունը:
Չնայած վաճառքում առկա է մագնիումով սննդային հավելումների բավականին մեծ քանակություն, փորձագետներն այնուամենայնիվ խորհուրդ են տալիս այս հանքանյութի պակասը լրացնել բնական այնպիսի սննդամթերքի օգնությամբ, ինչպիսին մուգ շոկոլադն է: Չնայած բժշկությունը կարող է քնաբեր դեղամիջոցների մեծ զինանոց առաջարկել, դրանք բոլորը վտանգավոր երկրորդական հետեւանքներ են ունենում, եւ տվյալ դեղամիջոցների ցանկացած բնական այլընտրանք շատ պահանջված կլինի:






