Մանկական մածուկներն առնվազն երկու անգամ ավելի թանկ են, քան   «մեծերինը», սակայն կազմությամբ դրանցից ոչնչով չեն տարբերվում: Նման եզրակացության են հանգել Բիրմինգեմի համալսարանի հետազոտողները, որոնք հետազոտում են մեծերի եւ երեխաների ատամի մածուկների պարունակությունը:   

Եթե մեծերի համար միջին վիճակագրական ատամի մածուկը սուպերմարկետներում  1,21 ֆունտ արժե, մանկականի համար գնորդը վճարում է 2,40, պնդում են գիտնականները: Սակայն երկու մածուկում էլ համանման քանակությամբ ֆտոր կա, եւ դրանք իրարից տարբերվում են միայն փաթեթավորմամբ, չնայած արտադրողները պնդում են, որ մանկական մածուկներ արտադրելն ավելի թանկ է արժենում: Հետաքրքիր է, որ մուլտհերոսների պատկերներով մածուկները կարող են նույնիսկ   3 անգամ ավելի թանկ արժենալ, քան նույն կազմությամբ մեծերի մածուկները: 

«Մանկական ատամի մածուկները պիտի նույնքան արժենան, որքան մեծերինը,-պնդում է Քրիս Կումարասվամին` երեխաների ատամնաբույժը Բիրմինգեմի համալսարանից: Մենք պիտի  ծնողներին դրդենք ակտիվորեն հետեւել իրենց երեխաների բերանի խոռոչի մաքրությանը, ոչ թե ատամի մածուկներն ավելի թանկարժեք եւ ֆինանսական տեսանկյունից ծանրաբեռնող դարձնենք: Մեծահասակները լիովին անվտանգ կերպով կարող են իրենց ատամի մածուկը տալ նույնիսկ ամենափոքր տարիքի երեխաներին, ընդամենը անհրաժեշտ է ավելի փոքր քանակություն օգտագործել»:

Կարծիք կա, թե մանկական ատամի մածուկներն ավելի քիչ ֆտոր են պարունակում` քիմիական նյութ, որը կարող է ստամոքսում ջղակծկումներ առաջ բերել, եթե երեխան մածուկ կուլ տա: Սակայն ֆտորը եւս օգնում է ատամների էմալը պաշտպանել ատամնափուտից: Հենց այդ պատճառով ֆտորով ատամի մածուկների օգտակարությունը գերազանցում է վտանգավորությունը: 

Մեծ Բրիտանիայի պաշտոնական կարգավորող գերատեսչության կայքում ասված է, որ հատուկ մանկական մածուկների գնման անհրաժեշտություն ընդհանրապես չկա, չէ որ դրանցից որոշները բավարար քանակությամբ ֆտոր չեն պարունակում ատամնափուտի կանխարգելման համար: