Չիայի սերմերը հարուստ են օմեգա-3 ճարպային թթուներով եւ այլ սննդանյութերով, որոնք երիտասարդացնում են սիրտն ու ուղեղը: Դրանցից պատրաստվում են սննդային ըմպելիքներ, նախուտեստներ եւ շիլաներ:

Դրանք նաեւ վաճառվում են ամբողջական եւ մանրացված, ինչպես կտավատի սերմերը՝ հացաբուլկեղենի արտադրամասերում, եւ որպես հավելում յոգուրտների ու կոկտեյլների համար:

«Չիայի սերմերը իրապես օմեգա-3 ճարպերի, հակաօքսիդանտների, բջջանյութի, սպիտակուցի եւ  հանքային նյութերի հրաշալի աղբյուր են», - Newsmax Health-ին տված հարցազրույցում ասում է ամերիկացի դիետոլոգ, Սննդի եւ դիետայի ակադեմիայի ներկայացուցիչ Վանդանա Շեթը:

Հետաքրքիր է, որ չիայի սերմերն օգտագործել են դեռ ացտեկները՝ բժշկական նպատակներով: Նրանք հավատացել են, որ սերմերը մարդկանց առողջություն եւ էներգիա են տալիս:

Ջեննի Հոֆմանն առաջիններից մեկն է բացահայտել չիայի սննդային հատկությունները: Նա վաճառում է Mamma Chia մրգային հյութերը՝ չիայի սերմերով: Հոֆամանն ասում է, որ հիմա շատերը կտավատի սերմերը փոխարինում են չիայի սերմերով: Չիան գրեթե համ չունի եւ այնքան արագ չի փչանում, որքան կտավատի սերմերը: