Ծնողները մանկական սնունդն ավելի համեղ չեն դարձնում, երբ դրան աղ են ավելացնում: Սակայն նրանք որոշակիորեն վնաս են հասցնում երեխաների առողջությանը, պնդում են բժիշկները: 

Շատ հայրիկներ եւ մայրիկներ առանց մտածելու աղ են ավելացնում ամենափոքրերի սննդի մեջ, որպեսզի ուժեղացնեն հաճելի համը: Նրանք նույնիսկ չեն հասկանում, որ դրանով անուղղելի վնաս են հասցնում մանկական առողջությանն ընդհանուր առմամբ եւ երեխայի մարսողական համակարգին մասնավորապես: 

Աղը կարեւոր միներալ է, որը բնական եղանակով առկա է տարբեր մրգերում, բանջարեղեններում եւ կաթում: Չնայած օրգանիզմին դրա անհրաժեշտությանը,  աղի ավելցուկը վնասակար ազդեցություն է ունենում մանկական առողջության վրա: Ավելի փոքր տարիքի երեխաները չպետք է աղի լրացուցիչ քանակություն ստանան: Իրենց անհրաժեշտ աղի մակարդակը նրանք առանց այն էլ ստանում են այդ հանքանյութի բնական աղբյուրների հաշվին: 

Ամենափոքր երեխաները շատ զգայուն են աղի հանդեպ: Երբ մենք այն ավելացնում ենք սննդին, մեծացնում ենք երեխայի մոտ շատ տարիներ անց բարձր զարկերակային ճնշման եւ սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը: Բացի այդ, երեխաների երիկամները սովորաբար չափազանց զգայուն են: Աղը հանդիսանում է մնացորդային մթերք, որը օրգանիզմից դուրս է բերվում երիկամների միջոցով: Մանկական ուտելիքներում աղ լցնելով` մենք դրանով աճեցնում ենք օրգանիզմում աղի ընդհանուր քանակությունը, ինչի հետեւանքով երիկամների վրա ծանրաբեռնվածությունն աճում է: Իսկ այդ ճնշումը կարող է վնաս հասցնել տվյալ օրգանին:  

Երեխաներին չի կարելի մեծահասակների սննդամթերք տալ, որովհետեւ դրանք աղի ավելորդ քանակություն են պարունակում: Ահա թե ինչու այնքան կարեւոր է զուտ մանկական սնունդ ընտրելը: Երեխային կերակրեք թարմ, չվերամշակված մրգերով եւ բանջարեղենով: Զերծ մնացեք պահածոներից, որոնք եւս աղի ավելցուկ են պարունակում: Այդ հանքանյութի մեծ քանակություն կա նաեւ կովի կաթում, բայց դա աղի բնական աղբյուր է, որն օգտակար է մանկական առողջության համար: