Ինչպե՞ս դիետան վերածել առողջ եւ օգտակար սննդակարգի: Պատմում է դիետոլոգ Դեյլ Փինոքը.
Այցելուները հաճախ ինձ միեւնույն հարցն են տալիս. «Ո՞ր դիետան է լավագույնը»: Հումակերությո՞ւնը: Պալեո՞ն: Առանց գլյուտենի, լակտոզների սննդակա՞րգը: Ածխաջրային, թե՞ սպիտակուցային դիետան: Երջանիկ կլինեի, եթե մի օր կարողանայի այս, թվում է՝ պարզ հարցին միանշանական պատասխան տալ: Բայց, ցավոք, դա հնարավոր չէ: Վստահ եմ, որ հարկավոր է բազմազան սնվել եւ սովի չմատնվել:
Նաեւ վստահ եմ, որ հարկավոր է հավասարակշռել արյան մեջ շաքարի, ճարպաթթուների մակարդակն ու սննդարար արժեքը:
Արյան մեջ շաքարի մակարդակը
Սնունդը մեր օրգանիզմը լիցքավորում է էներգիայով. դա անում է մեր արյան մեջ անցնող գլյուկոզան: Կատարյալ պարագայում օրգանիզմը հարկավոր է «լիցքավորել» աստիճանաբար, այդ դեպքում այն կկարողանա մշակել գլյուկոզան, իսկ արյան մեջ շաքարի մակարդակը նորմայի սահմաններում կլինի: Բայց դիետաների մեծ մասը, որոնք մենք ընտրում ենք, արյան մեջ գլյուկոզայի կտրուկ «նետման» պատճառ են դառնում: Երկար ժամանակ այդպիսի սննդակարգի հետեւելը կարող է հանգեցնել երկրորդ տիպի դիաբետի առաջացման եւ քաշ հավաքելուն. օրգանիզմն ավելորդ գլյուկոզան ճարպի է վերածում:
Տասնամյակներով մեզ սովորեցրել են ճարպոտ սնունդը փոխարինել օսլայով սննդով, բայց իզուր: Սպիտակ հացը, մակարոնեղենը եւ կարտոֆիլը պարզապես մեր արյունը լցնում են հսկայական քանակությամբ գլյուկոզայով: Դա չի նշանակում, որ հարկավոր է դրանցից ընդմիշտ հրաժարվել: Հակառակը, փոքր քանակությամբ այդ մթերքի օգտագործումը ոչ մի վնաս չի հասցնում: Առավել եւս, որ որոշ ածխաջրեր օրգանիզմից մեծ ջանքեր են պահանջում՝ դրանք մարսելու համար: Հետեւաբար, շաքարը դանդաղ է արտազատվում, իսկ արյան մեջ դրա հավասարակշռությունը չի անցնում թույլատրելի սահմանը:
Եվս մեկ պարզ խորհուրդ. ամեն անգամ սնվելիս համադրեք սպիտակուցներն ու ածխաջրերը: Օրինակ, ձուն՝ կարմրացրած հացի հետ, տապակած սաղմոնը՝ կարտոֆիլի խյուսի: Այսպիսի սննդակարգը ոչ միայն կօգնի հավասարակշռել արյան մեջ շաքարի մակարդակը, այլեւ կօգնի ավելի երկար կուշտ զգալ:
Ճարպաթթուների հավասարակշռություն
Ամբողջ կյանքում մենք ճարպերը բաժանում ենք «լավի» եւ «վատի»: Ինքներս էլ չգիտակցելով՝ մենք վնաս ենք հասցնում մեր առողջությանը: Բուսական յուղերի եւ կիսահագեցած ճարպերի խնդիրն այն է, որ դրանք հիմնականում բաղկացած են օմեգա-6-ից: Այո՛, օմեգա-6 ճարպաթթուներն օգտակար են մեր առողջության համար, բայց փոքր չափաբաժնով: Իսկ մեծ քանակության դեպքում դրանք կարող են բորբոքում առաջացնել, որոնք ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել սրտի հիվանդությունների, քաղցկեղի եւ շաքարախտի:
Իսկ ահա օմեգա-3 ճարպաթթուները, հակառակը, հակաբորբոքային են: Եվ հարկավոր է սովորություն դարձնել ամեն օր ավելի շատ օմեգա-3 ճարպաթթու օգտագործել: Այս ճարպաթթուներն առկա են մի շարք ձկնատեսակներում՝ սաղմոնում, թյունիկում, ծովատառեխում, անձրուկում եւ սարդինում: Կարեւոր է արեւածաղկին յուղը փոխարինել զեյթունի յուղով, իսկ եգիպտացորենինը՝ սերուցքայինով: Եվ մի՛ վախեցեք սերուցքային կարագից. եթե օրական մի ամբողջ տուփ չեք ուտում, այն միանգամայն օգտակար է առողջության համար:






