Չիփսեր եւ «աղբային» սննդի այլ տեսակներ ուտելը երիկամներին եւ մարմնի այլ հատվածներին ոչ պակաս վնաս է հասցնում, քան արյան մեջ ավելորդ շաքարը երկրորդ տեսակի դիաբետի դեպքում: Այդ մասին ասված է հոդվածում, որը հրապարակվել է Experimental Physiology ամսագրում:

«Արեւմուտքի բնակիչների սննդակարգը գնալով ավելի ու ավելի «աղբային» սնունդ է պարունակում, եւ այսօր մեզ մոտ աստիճանաբար վկայություններ են հավաքվում այն բանի օգտին,  որ նման ուտեստների չափից շատ օգտագործումը մեծացնում է երկրորդ տեսակի դիաբետի եւ ճարպակալման զարգացման շանսերը: Մենք ցույց ենք տվել, որ այդ սննդի օգտագործումը երիկամներ գլյուկոզայի փոխանցման ընթացքում նույն փոփոխություններն է առաջացնում, ինչ երկրորդ տեսակի դիաբետը»,— հայտնել է Հավովի Չիչգերը   (Havovi Chichger) Ռասկինի համալսարանից (Մեծ Բրիտանիա):

Չիչգերն ու իր գործընկերները հետեւել են նյութափոխանակության փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել առնետների օրգանիզմում, որոնց կերակրել են բացառապես   «աղբային» սննդով` պահածոյացված պանրի կտորներով, շոկոլադե բատոններով, կեքսերով եւ զեֆիրով ութ շաբաթ շարունակ: Զուգահեռաբար գիտնականները հետեւել են առնետներին, որոնք սնվել են նորմալ սննդով կամ հետեւել են բարձր կալորիական սննդակարգի` ճարպի   60 տոկոս մասնաբաժնով:

Այդ մոնիտորինգը անսովոր երեւույթ է բացահայտել. պարզվել է, որ այն առնետների օրգանիզմում, որոնք  «աղբային սննդով» են սնվել, նյութափոխանակության համակարգը զգալիորեն փոփոխել է աշխատանքը, այդ թվում եւ այն, թե բջիջներն ինչպես են փոխազդել գլյուկոզայի եւ այլ շաքարների հետ: Մասնավորապես, փոխվել է   GLUT եւ SGLT ընտանիքների սպիտակուցների աշխատանքը, որոնք առավարում են շաքարի մոլեկուլների տեղափոխումը արյունատար անոթների եւ երիկամների ներսում:  

Գիտնականները պատմում են, որ երիկամներում տվյալ մոլեկուլները յուրօրինակ ֆիլտրի դեր են խաղում, որը   «որսում է» գլյուկոզայի մոլեկուլները եւ դրանք վերադարձնում է արյան շրջանառություն: Այդ սպիտակուցների աշխատանքում խախտումները, որոնք դրանց ակտիվության բարձրացման են հանգեցնում, երկրորդ տեսակի դիաբետի եւ նյութափոխանակության հետ կապված այլ խնդիրների զարգացման հետեւանքներից մեկն են:  

Չիչգերը նշում է, որ «աղբային» սննդով սնվող առնետների օրգանիզմում     GLUT եւ SGLT սպիտակուցների աշխատանքի փոփոխությունները սկզբունքորեն քիչ են տարբերվել նրանից, ինչ տեղի է ունենում դիաբետով հիվանդների օրգանիզմում: դա թույլ է տալիս խոսել Արեւմուտքի երկրներում դիաբետի համաճարակի ընթացիկ զարգացման մեջ տվյալ սննդի դերի առկայության մասին, ինչպես նաեւ այն մասին, որ նման խնդիրների դեմ կարելի է պայքարել արգելափակելով այդ միացությունների աշխատանքը: