Ոչ անվտանգ սեքսը եւ նրա հետեւանքները (ՄԻԱՎ, վաղ հղիություն, հոգեկան խնդիրներ եւ սեռական բռնություն) այսօրվա դրությամբ 15-19 տարեկան պատանիների առողջության համար ամենամեծ սպառնալիքն են: Դեռեւս 90-ականներին ռիսկի այդ գործոնը 13-րդ տեղում էր, իսկ 2013-ին` երկրորդ: Այդ մասին հայտնում են գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Lancet ամսագրում:

Տերրի Մակգովերնը եւ իր գործընկերները ԱՄՆ-ից եւ աշխարհի այլ երկրներից մասնակցել են ամբողջ աշխարհում պատանիների առողջական վիճակի գնահատման մասշտաբային նախագծի, որը կազմակերպել էր Lancet ամսագրի խմբագրությունը: Դրանում մասնագետները մի քանի տարվա ընթացքում գնահատում էին, թե ինչ սպառնալիքներ են ամենից ավելի վտանգավոր 10-ից 24 տարեկան երիտասարդների եւ երեխաների առողջության համար

Պարզվել է, որ երեխաների, պատանիների եւ երիտասարդների բարօրության հիմնական սպառնալիքը հիվանդությունները, արմատականացումը կամ գործազրկությունը չեն, այլ պատշաճ սեռական մշակույթի բացակայությունը, անհատական պաշտպանության եւ հակաբեղմնավորման միջոցների  հասանելիության պակասը:    

Գիտնականների խոսքով, երեխաների եւ հատկապես` պատանիների եւ երիտասարդների առողջությանը բժիշկներն այսօր համեմատաբար թույլ են հետեւում եւ ուշադրություն չեն դարձնում ՄԻԱՎ-ի եւ այլ վարակների տարածմանը, որոնք փոխանցվում են սեռական եղանակով:  Բացի այդ, զարգացող երկրներում չպաշտպանված սեքսը լուրջ խնդիր է դառնում նաեւ երիտասարդների թվի ավելացման եւ կրթության եւ սեռական գրագիտության պատշաճ համակարգի բացակայության պատճառով:    Lancet-ի փորձագետների խմբի գնահատականով, 12 տարեկանից հետո ուսումնառության ամեն տարին զգալիորեն նվազեցնում է վաղ հղիությունների, սեռական բռնության եւ սեքսի հետ կապված մահերի թիվը, այդ թվում նաեւ` ինքնասպանությունների: 

«Շատ երկրներում գոյություն ունեն մի շարք անտրամաբանական եւ իռացիոնալ օրենքներ, որոնք ծայրաստիճան բացասաբար են ազդում պատանիների առողջության վրա: Օրինակ, մի շարք պետություններում ամուսնացած աղջիկներն օգտվում են հակաբեղմնավորիչներից, մինչդեռ նրան չամուսանացած հասակակիցները նման ընտրություն չունեն: Դա հենց այն է, ինչն ամենից ավելի է վնասում առողջությանը», — նշել է Թերրի Մակգովերնը: 

Հաշվի առնելով, որ պատանիները եւ երիտասարդներն այսօր երկրի բնակչության 7 մլրդից մոտավորապես 2-ն են կազմում, հոդվածի հեղինակները երկրների իշխանություններին կոչ են անում ավելի մեծ ուշադրություն դարձնել նրանց առողջությանը: