Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի ու Բերքլիի Քալիֆորնիական համալսարանի գիտնականները բացատրել են, թե ինչու մարդիկ հաճախ չեն նկատում այն, ինչ հենց նրանց աչքի առաջ է: Նրանք ստեղծել են տեսողության համար պատասխանատու՝ գլխուղեղի ճակատային կեղեւի մոտավոր քարտեզը:

«Մենք կարծում ենք, որ մենք տեսնում ենք լուսանկարչական սարքերի նման, բայց դա բոլորովին այդպես չէ: Երբեմն ճակատային կեղեւը չի ակնկալում, որ կտեսնի այս կամ այն բանը», - նշում են աշխատության հեղինակները: Եվ չնայած այդ իրը կարող է հենց մեր աչքի առաջ լինել, ուղեղը այն հեռացնում է մեր գիտակցությունից:

Գիտնականները երկու փուլից բաղկացած փորձ են կազմակերպել: Առաջին փուլում նրանք հետեւել են ուղեղի տարբեր մասերի ակտիվությանը, մինչ փորձի մասնակիցները կատարում էին տեսողական գիտակցական ընկալման առաջադրանքներ: Հետո մագնիսային խթանման միջոցով նրանք աշխուժացնում էին ակտիվ գոտիները, որոնք գործում են տեսողական ընկալման յուրաքանչյուր փուլում:

Ընկալման առաջին փուլում ուղեղը տեղեկությունների հսկայական ծավալից ընտրում է այն, ինչին պետք է ուշադրություն դարձնել: Հետո նա տեսողական տվյալները միացնում է այլ տեղեկությունների հետ՝ օրինակ ակնկալիքների: Հետո սկսում է գնահատել այդ տվյալները: «Ճակատային կեղեւն ուղարկում է ազդանշան, որ պետք է ուշադրություն դարձնել ընտրված օբյեկտին: Կոմբինացնելով տեղեկությունները՝ ուղեղը գնահատում է, թե ձեր կարծիքով դուք ինչ եք տեսել», - բացատրում են աշխատության հեղինակները: Փորձի արդյունքները ցույց են տվել, որ ճակատի կեղեւի հետնամասը ակտիվ էր ընտրության ժամանակ, միջնամասը՝ կոմբինացիաների ժամանակ, իսկ առաջնամասը՝ գնահատման: Ստացված տվյալների հիման վրա գիտնականներին հաջողվել է կառուցել ճակատային կեղեւի մոտավոր տեսողական քարտեզ:

Փորձի երկրորդ փուլում գիտնականները հերթով ճնշում էին ճակատային թաղանթի հետնամասի ու միջնամասի ակտիվությունը, ինչի արդյունքում փորձի մասնակիցները ավելի վատ էին կատարում ընտրելու ու կոմբինացնելու առաջադրանքները: Իսկ ճակատի առջեւի թաղանթը խթանելիս՝ փորձի մասնակիցները հակառակը՝ ավելի ճշգրիտ էին գնահատում այն, ինչ տեսնում էին:

Հետազոտությունը հրապարակել է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը: