Հայաստանում այս տարի նախատեսված է STEPS հետազոտություն իրականացնել, որն ուղղված է երկրի բնակչության շրջանում ի հայտ բերելու ռիսկի հիմնական գործոնները, որոնք հանգեցնում են ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման: Այդ մասին լրագրողներին հայտնել է Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը: 

Հետազոտությունը, որն ԱՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվում է աշխարհի ավելի քան 100 երկրում, կարող է օգնել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնել, որովհետեւ կարող է ի հայտ բերել, թե ռիսկի ինչ գործոններ են առավել տարածված Հայաստանում եւ դրանցից որոնք են հանգեցնում սրտանոթային, քաղցկեղային եւ այլ ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացման ավելացման:

Ռիսկի այդ գործոնների ընկալումը կօգնի նպատակաուղղված պայքար մղել դրանց դեմ` դրանով նվազեցնելով երկրում հիվանդացումը եւ մահացությունը: Այդ տվյալները կօգնեն նաեւ հանրային առողջապահության ոլորտում ճիշտ քաղաքականություն կառուցել: 

Ծաղիկ Վարդանյանը նշել է, որ նախատեսված է հետազոտություն անցկացնել Երեւանում եւ երկրի մարզերում: Դրան կմասնակցի երկրի չափահաս բնակչությունը` մոտ 3000 մարդ, որոնք պետք է հարցաշար լրացնեն իրենց կենսակերպի մասին, ինչպես նաեւ ֆիզիկական եւ լաբորատոր-գործիքային հետազոտություն անցնեն: Այդ ամենը կանցկացվի ԱՀԿ-ի մշակած մեթոդիկայով, որոնք առավելագույնս ճիշտ կարտացոլեն երկրում իրավիճակը եւ հնարավորություն կտան այն համեմատել այլ երկրներում իրավիճակի հետ:  

Հետազոտության համար անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարվել են: Ինքը` հետազոտությունը կսկսեն անցկացնել մեկ ամսից, իսկ արդյունքները կամփոփեն այս տարվա դեկտեմբերին: