Տնտեսական պայմանների փոփոխությունը կարող է անդրադառնալ երեխաների առողջության վրա: Ամերիկացիների անցկացրած նոր հետազոտությունը հայտնաբերել է կապ գործազրկության ու ավելորդ քաշով կամ ճարպակալումով տառապող երեխաների քանակի աճի միջեւ: Հետազոտությունը հրապարկվել է Journal of Epidemiology and Community Health ամսագրում:
Դիետոլոգները ուսումնասիրել են Քալիֆորնիա նահանգի դպրոցներում սովորող 7-ից 18 տարեկան 1.7 մլն երեխաների տվյալները:
Հետազոտողները նաեւ ուսումնասիրել են նահանգի օկրուգներում գոծազրկության վիճակագրությունը ու հայտնաբերել, որ 2008-ից սկսած, երբ ԱՄՆ-ում ճգնաժամ էր սկսվել,, ու մինչեւ 2012 թ. նահանգում գործազրկության յուրաքանչյուր 1 տոկոսով աճը կապակցված է եղել երեխաների մոտ ավելորդ քաշի զարգացման վտանգի բարձրացման հետ:
Այդ ժամանակահատվածում Քալիֆորնիայում գործազրկության միջին աճը կազմել է 5.4 տոկոս, հետեւաբար ավելորդ քաշով երեխաների քանակը, գիտնականների կանխատեսումով, կարող էր աճել 21 տոկոսով:
Իրականում, ըստ վիճակագրության, Քալիֆորնիայում ավելորդ քաշով երեխաների թիվը 2008-ի 28 տոկոսից աճել է ու 2009-ին հասել 40 տոկոսի՝ ու մի քիչ նվազել է 2012-ին՝ հասնելով 37 տոկոսի:
Հետազոտությունը չի ապացուցում մանկական քաշի ու տնտեսական դժվարությունների միջեւ պատճառահետեւանքային կապը, բայց ցույց է տալիս տնտեսության վատացման ու ամերիկյան ընտանիքների գնած սննդամթերքի որակի վատացման միչեւ կապը: Հետազոտողները նշում են, որ իրենց տնտեսական ռեսուրսների կրճատման պատճառով ընտանիքները կարող են ավելի էժանագին, բայց ավելի բարձր կալորիականությամբ սնունդ ընտրել, ինչը այլընտրանք է հանդիսանում ավելի թանկարժեք բայց առողջ սննդին: Մարդիկ սննդակարգից հանում են թարմ մրգերը ու բանջարեղենը, փոխարինելով դրանք ուժեղ վերամշակված կիսաֆաբրիկատներով:
Դպրոցական ծրագրերը կարող են նաեւ կրճատել մարզական ու արտադպրոցային միջոցառումները, որոնք տնտեսական բարդ ժամանակաշրջաններում նպաստում են երեխաների լավ ինքնազգացողությանը: Համայնքները կարող են ստիպված լինել փակել խաղահրապարակները ու այգիները, որոնք դեռահասներին խրախուսում են խաղալ ու սպորտով զբաղվել:
Դրա հետեւանքով, երեխաները նստակյաց կյանքով են ապրում, ավելի շատ ժամանակ ծախսելով համակարգչային խաղերի ու հեռուստացույց դիտելու վրա:
«Երեխաների ճարպակալումը մեր ժամանակների հանրային առողջապահության ամենամեծ խնդիրներից մեկն է: Եվ քանի որ դրանից հետո նիհարելն այդքան էլ հեշտ չէ, տնտեսական դժվարությունների ժամանակաշրջանը կարող է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ նաեւ այդ երեխաների հասուն կյանքում»,- ամփոփում են հետազոտության հեղինակները:






