Հայաստանի բնակչության 15 տոկոսի սնունդը հիմնականում հացից եւ կարտոֆիլից է կազմված: Նման եզրակացության են հանգել Հայաստանում եւ Վրաստանում Օքսֆամ միջազգային կազմակերպության կողմից իրականացված եւ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի տարածաշրջանում սննդամթերքի անվտանգության բարձրացումը ազգային ռազմավարությունների եւ գյուղացիական մանր արտադրությունների միջոցով» ծրագրի հեղինակները:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Օքսֆամի հայկական գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշել է, որ հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ այնպիսի մթերքներ, ինչպիսին ձուկը եւ միսն է, բարձր գնի պատճառով անհասանելի են երկրի բնակչության 33 տոկոսի համար: Որքան էլ տարօրինակ է, նույն բանը կարելի է ասել նաեւ բանջարեղենի եւ մրգերի մասին. հետազոտության համաձայն, Հայաստանում ապրող մարդկանց 1.8-65.4 տոկոսի համար անհասանելի են այդ մթերքները, իսկ ձմռանը գյուղական, բարձր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի բնակիչների մինչեւ 95 տոկոսի համար անհասանելի են բանջարեղենը եւ մրգերը:
Մարգարիտա Հակոբյանի խոսքով, Հայաստանում կարելի է սննդի հետ կապված երկու հիմնական խնդիր նշել. նախ` որոշ մթերքներ բավականին թանկ են եւ շատերը չեն կարող գնել դրանք, երկրորդ` շատ մարդիկ գիտելիքներ եւ տեղեկություններ չունեն այն մասին, թե որ սնունդն է ավելի առողջ համարվում ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար:
2014-ի մայիս-սեպտեմբերին անցկացված հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ Հայաստանում երեխաների 15 տոկոսն ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի, Demographic and Health Survey 2010 –ի տվյալներով, մինչեւ 5 տարեկան երեխաների 19 տոկոսը ցածր հասակ ունի սխալ սննդի պատճառով, իսկ 8 տոկոսը աճի եւ զարգացման առումով հետ է մնում նույն պատճառով` իրենց սննդում անհրաժեշտ սննդանյութերի բացակայության:
Հիշեցնենք, որ հունիսի 15-16-ին Թբիլիսիում (Վրաստան) ընթանում է միջազգային համաժողով, որին ներկա են մասնագետներ եւ Հայաստանի եւ Վրաստանի գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, որոնք պատրաստ են ներկայացնել իրենց երկրների փորձը: Համաժողովի նպատակը սննդամթերքի անվտանգության այժմեական խնդիրների քննարկումն է, դրանց լուծման ուղիներ գտնելը, այդ ուղղությամբ այսօր ձեռնարկվող քայլերի արդյունավետությունը գնահատելը: Մասնավորապես` միջազգային փորձագետների կարծիքով, մանր արտադրություններին աջակցությունը կարող է օգնել բնակչությանն ապահովել բազմազան, որակյալ եւ ավելի էժան սննդամթերքով ինչպես Հայաստանում, այնպես էլ` Վրաստանում:






