Սննդի մեջ վարսակի շիլայի ներառումը նվազեցնում է քաղցկեղից մահացության ռիսկը, կարծում են Հարվարդի համալսարանի գիտնականները լայնածավալ հետազոտության արդյունքում: Առողջության բարելավման նկատելի նշաններ են հայտնվել նրանց մոտ, ովքեր ամեն օր սննդում օգտագործել են վարսակի 70 գ ամբողջական հատիկներ, ինչը համարժեք է մի մեծ ափսե պատրաստի շիլայի:
Հետազոտությունն իրենից ներկայացնում է ամբողջական հատիկային մշակությունների 12 հետազոտության մետավերլուծություն, դրանց ընդհանուր առմամբ 786,076 կամավոր է մասնակցել: Գիտնականները պարզել են, որ վարսակի շիլայի ամենօրյա օգտագործումը 22 տոկոսով նվազեցնում է օրգանիզմի վիճակի հետ կապված բոլոր պատճառներից մահացության ռիսկը: Մասնավորապես, քաղցկեղից մահացությունը կրճատվել է 20 տոկոսով, իսկ սրտանոթային հիվանդություններից` եւս 20 տոկոսով:
«Այս մետավերլուծությունից եւ օրգանիզմի վրա ամբողջական ցորենի դրական ազդեցությունը հաստատող բազմաթիվ նախորդ հետազոտություններից վերցված ծանրակշիռ ապացույցների հիման վրա կարծում եմ, որ բժիշկները պետք է բնակչությանը հետեւողականորեն խորհուրդ տան սննդում օգտագործել այս մթերքները: Շիլաները հատկապես օգտակար կլինեն որոշակի հիվանդություններով հիվանդների համար. վարսակի հիման վրա սննդակարգերը կբարելավեն նրանց առողջությունը եւ գուցե նվազեցնեն մահացությունը», - ասել է բժիշկ Ցի Սանը, որը Հարվարդի համալսարանի դոցենտ է հանրային առողջապահության ոլորտում:
Հետազոտության հեղինակները կարծում են, որ վարսակը թույլ է տալիս նվազեցնել խոլեստերինի մակարդակը եւ կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը: Բացի այդ, այն մարդուն թույլ է տալիս հագենալ եւ արդյունքում նա չի ձգտում արանքում անառողջ սնունդ ուտել:
Վարսակը մի շարք սննդանյութեր է պարունակում, ներառյալ սպիտակուց, բջջանյութ, երկաթ, ֆոլաթթու եւ այլ կարեւոր միկրոտարրեր:






