Օրական որքա՞ն մթերք եք ուտում տարատեսակ արկղերից, ապակե տարաներից, փաթեթներից կամ պլաստիկե ամաններից: Երբ ես այս մասին հարցնում եմ իմ հաճախորդներին՝ նրանք հաճախ զարմանում են, թե որքան քիչ թարմ մթերք են ուտում իրենք, ասում է ամերիկացի դիետոլոգ Սինտիա Սասսը:
British Medical Journal-ում հրապարակված՝ վերջերս կատարված հետազոտության համաձայն՝ սինթետիկ քիմիական նյութերը, որոնք փաթեթավորման համար օգտագործվում են սննդային արդյունաբերության մեջ, կարող են ընկնել սննդի մեջ: Դրանցից որոշները, ինչպես՝ Բիսֆենոլ A-ն (տեխնիկական երկֆենիլոլպրոպան, ՏԵՊ), կարող են խախտել հորմոնների արտադրությունն ու հավասարակշռությունը, իսկ մյուսները, ինչպես՝ ֆորմալդեհիդը, կապված են քաղցկեղի ռիսկի հետ: (Բացի դրանից՝ որոշ փաթեթավորված սննդամթերքներ կարող են մեծ քանակությամբ աղ եւ յուղ պարունակել, ինչը վնասակար է Ձեր իրանի համար):
Քանի որ փաթեթավորված մթերքներից լիովին հրաժարվել հնարավոր չէ, կարելի է դրանց օգտագործումը նվազագույնի հասցնել: Փորձեք մեր ռազմավարություններից մի քանիսը.
Պլաստիկե փաթեթներից կարելի է խուսափել՝ գնումների համար օգտագործելով կտորից տոպրակներ, բացի դրանից՝ դրանք կարելի է լվանալ լվացքի մեքենայով:
Առանց փաթեթավորման՝ կշռելով գնեք այնպիսի մթերքներ, ինչպիսին են՝ փաթիլները, բրինձը, սագաթաթը, ընկուզեղենը, լոբին, ոսպը եւ չորացրած մրգերը, որոնք կարող են տանը պահվել հերմետիկ ապակե տարաների մեջ: Եթե Դուք չգիտեք կամ մոռացել եք, թե ինչպես պատրաստել այս մթերքները, պարզապես փնտրեք համացանցում:
Խուսափեք պլաստիկե տարաներով ջրից եւ ջրի զտիչ գնեք:
Կանաչին փոքրիկ ամանների մեջ գնեք կամ աճեցրեք: Ավելի լավ ոչինչ չկա, քան թարմ աճեցված կանաչին՝ ռեհան, անանուխ, հազրեվարդ, համեմ, սամիթ կամ ծոթոր:






