Ռուսաստանցի գիտնականները թրոմբոզի բուժման նոր դեղամիջոց են մշակել, որը կազմված է ծակոտկեն մագնիսական հիմքից եւ դրա մեջ ամփոփված թրոմբոլիտիկ ֆերմենտից: 

Ուղեղի եւ սրտի կաթվածների դեպքում բժիշկների կարեւորագույն խնդիրներից մեկը անոթը խցանող թրոմբը հնարավորին արագ տարրալուծելն է: Այժմ այդ նպատակով հիվանդներին թրոմբոլիտիկ դեղամիջոցներ են ներարկում, որոնք արագ բաշխվում են արյունատար ամբողջ համակարգով եւ ուղղորդված ազդեցություն չեն գործում: Թրոմբը հաղթահարել թույլ է տալիս միայն դեղամիջոցի բարձր խտությունը, որի ներարկումը հաճախ լուրջ կողմնակի հետեւանքներ է ունենում: 

Նոր մագնիսակառավարվող դեղամիջոցը, որը մշակվել է ՏՏՄՕ-ի համալսարանի եւ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան հիվանդանոցի կողմից, ուղղորդված ազդեցության շնորհիվ թույլ է տալիս նվազեցնել թրոմբոլիտիկի չափաբաժինը: Մագնետիտային հիմքի մեջ ուրոկինազ են տեղադրում` ֆերմենտ, որը բժշկության մեջ օգտագործվում է թրոմբների տարրալուծման համար:  

«Սովորաբար նման նյութերի մշակման դեպքում երկարաժամկետ ազդեցություն ստանալու համար սպիտակուցը տեղադրում են պոլիմերային մատրիցայի մեջ, որից այն ամբողջությամբ ազատվում է եւ որոշ ժամանակ անց դեղամիջոցը դատարկ կաղապարի է վերածվում,-նշել է Առաջավոր նյութերի եւ տեխնոլոգիաների լուծույթային քիմիայի միջազգային լաբորատորիայի աշխատակից Անդրեյ Դրոզդովը: Մենք արդեն փորձարկմամբ ցույց ենք տվել, որ բաղադրության մեջ ֆերմենտը չի կորցնում իր թերապեւտիկ հատկանիշները նույնիսկ բազմակի օգտագործման դեպքում եւ շատ երկար է աշխատում:   Նոր բաղադրությունը թրոմբի տարրալուծման արագությամբ եւս չպաշտպանված ֆերմենտներին գերազանցում է  ավելի քան 4000 անգամ»:

Մշակողները ենթադրում են, որ այդ դեղամիջոցը հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն սրտի եւ ուղեղի կաթվածների դեպքում շտապ օգնություն տրամադրելու համար, այլեւ թրոմբոզների կանխարգելման: