Ամռանը մարդիկ ավելի շատ ժամանակ են ունենում ակտիվ խաղերի եւ սպորտով զբաղվելու համար, որոնք, իհարկե, շատ օգտակար են նրանց առողջության եւ զարգացման համար: Սակայն կարճատես երեխաներին որոշ խաղեր եւ սպորտի տեսակներ հակացուցված են, լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է բժիշկ-ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը:
Մասնագետի խոսքով, կարճատես երեխաների համար ծայրաստիճան անցանկալի է զբաղվել սպորտի այնպիսի տեսակներով եւ այնպիսի խաղեր խաղալ, որոնցում նրանք կարող են հարվածներ ստանալ մարմնի ցանկացած հատվածին, հատկապես` գլխին: Խաղերի ընթացքում պետք է ծայրաստիճան զգույշ լինել, հատկապես եթե նրանք ակնոց են կրում. վտանգ կա, որ ակտիվ խաղերի ընթացքում ակնոցը կարող է ջարդվել եւ վնասել երեխային: Մասնագետը նշել է, որ եթե երեխան շատ է ուզում գնդակ խաղալ, ավելի լավ է` հանի ակնոցը:
Իսկ ինչ խաղեր եւ սպորտի տեսակներ են անվնաս կարճատես երեխաների համար:
Ակնաբույժը նշել է, որ կարճատեսների համար իդեալական մարզաձեւը լողն է: Լողի ընթացքում ամբողջ մարմինը մարզվում է, նյարդային համակարգը հանգստանում է, աչքերը չեն լարվում, իսկ վնասվածքներ ստանալու ռիսկը նվազագույն է: Երկրորդ տեղում թենիսն է, ընդ որում, ինչպես մեծ, այնպես էլ` սեղանի: Մասնագետը նշել է, որ թենիսն օգնում է մարզել աչքերը, այդ պատճառով օգտակար է ոչ միայն կարճատեսների, այլեւ մնացած բոլոր մարդկանց համար:
Իսկ ամբողջ ամառը համակարգչի մոտ նստել ակնաբույժը խորհուրդ չի տալիս: Երեխայի աչքերի նորմալ զարգացման համար անհրաժեշտ է հեռուն նայել. իսկ եթե երեխան անընդհատ նայի մոնիտորին, դա ավելորդ խնդիրներից բացի, ոչինչ չի ստեղծի:






