Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում ընտանիքում երրորդ երեխայի ծննդի դեպքում տղաների եւ աղջիկների հարաբերակցությունը փոխվել է. եթե 2008-2012 թվականներին 100 աղջկա դիմաց 164 տղա էր ծնվում, 2014 թվին 100 աղջկա դիմաց արդեն 146 տղա է ծնվել: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է Հայաստանի Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության ղեկավար Կարինե Սարիբեկյանը:
Նրա խոսքով, այդ թվերը բոլորովին չեն նշանակում, թե տղաներ ավելի քիչ են ծնվում. իրականում սելեկտիվ աբորտների կրճատման հաշվին ավելի շատ աղջիկ է ծնվում, ինչն օգնում է մի քիչ հավասարեցնել սեռերի հարաբերակցությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ամենից հաճախ սելեկտիվ աբորտի են դիմում ընտանիքում երրորդ երեխայի ծննդյան հետ կապված. եթե առաջին երկու երեխան աղջիկ են, ծնողները, ցանկանալով տղա ունենալ, հաճախ աբորտի են դիմում, դրա արդյունքում երրորդ երեխայի ծննդի դեպքում սեռերի հարաբերակցությունը լրջորեն աղավաղվում է տղաների օգտին: Սելեկտիվ աբորտների թվի նվազումը հանգեցնում է նրան, որ շատ աղջիկներ այնուամենայնիվ լույս աշխարհ են գալիս:
Կարինե Սարիբեկյանը նշել է, որ դրական դինամիկան նկատելի է ընդհանուր վիճակագրության մեջ. ամբողջ երկրում անցյալում 100 աղջկա դիմաց 115 տղա էր ծնվում, այժմ հարաբերակցությունն լավացել է. 113 տղա 100 աղջկա դիմաց:
Հիշեցնենք, որ Հայաստանը տղաների եւ աղջիկների աղավաղված հարաբերակցությամբ աշխարհում երրորդն է Չինաստանից եւ Ադրբեջանից հետո: Նորմայի համաձայն, 100 աղջկա դիմաց պետք է 104-106 տղա ծնվի (քանի որ տղաներն ավելի խոցելի են, նորածին տղաների թիվը մի քիչ ավելի մեծ է լինում, որպեսզի սեռական հասունացման պահին տղաների եւ աղջիկների թիվը հավասարվի), սակայն Հայաստանում 100 աղջկա դիմաց 114-115 տղա է ծնվում (այժմ` 113): Ավելին, Հայաստանի որոշ մարզերում այդ խնդիրն էլ ավելի լուրջ է: Օրինակ, Գեղարքունիքի մարզում 100 աղջկա դիմաց 124 տղա է ծնվում. դա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:
Մասնագետների գնահատականներով, սելեկտիվ աբորտների պատճառով Հայաստանում ամեն տարի 3000-3500 աղջիկ չի ծնվում, ինչը մոտ ապագայում կարող է ժողովրդագրական աղետի հանգեցնել. այսօր արդեն մինչեւ 20 տարեկան տարիքային խմբում տղաների թիվը 40 000-ով գերազանցում է աղջիկների թիվը, իսկ 2060-ին տվյալ միտումների պահպանման դեպքում մեզ մոտ 93 000 չծնված աղջիկ կլինի կամ էլ նույնքան «ավելորդ» տղա, որոնց համար դժվար կլինի իրենց զույգ գտնելը:
Հիշեցնենք նաեւ, որ վերջերս երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ են մտցվել վերարտադրողական առողջության մասին օրենքում, որոնք արգելում են Հայաստանում սելեկտիվ աբորտները: Մասնագետները վստահ են, որ օրենքի նոր տարբերակի վերջնական ընդունումը աբորտների հանդեպ հասարակության վերաբերմունքի փոփոխության հետ մեկտեղ կարող է հավասարեցնել երկրում սեռերի հարաբերակցությունը:






