Կոկա-կոլան եւ գազավորված այլ ըմպելիքները կարող են տղամարդու մոտ անպտղություն եւ պոտենցիայի հետ կապված խնդիրներ առաջացնել, զգուշացնում են Դանիայի Կոպենհագենի համալսարանի գիտնականները: Այդ խնդիրները նախ եւ առաջ հայտնվում են այն տղամարդկանց մոտ, որոնք կանոնավոր կերպով խմում են դրանք, օրական առնվազն մեկ լիտր: 

Նման եզրակացության են հանգել գիտնականները, երբ անալիզի են ենթարկել ամեն օր Կոկա-կոլա խմող տղամարդկանց օրգանիզմում սպերմատոզոիդների քանակությունը:  Պարզվել է, որ այդ ըմպելիքը սպերմատոզոիդների քանակությունը նվազեցնում է մինչեւ 30 տոկոս. գիտնականների խոսքով, այն տղամարդկանց մոտ, որոնք ամեն օր Կոկա-կոլա են խմել, սպերմատոզոիդների քանակությունը նվազել է մինչեւ   35 մլն: Իսկ նրանց մոտ, ովքեր գազավորված ըմպելիքներ չեն խմել, դրանց քանակը մլ-ին  56 մլն-ի է հասել: Սպերմատոզոիդների ցածր քանակությունը կարող է բեղմնավորման խնդիրներ առաջացնել: 

Հետազոտությունը նաեւ ապացուցել է, որ Կոկա-կոլան կարող է էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացում հրահրել, որը ժողովրդական լեզվով անկարողություն է կոչվում:  Հետազոտությանն ընդհանուր առմամբ մոտ 2600 տղամարդ է մասնակցել, որոնցից մոտ 50 տոկոսն ամեն օր Կոկա-կոլա է խմել:

Գիտնականները մտադիր են շարունակել այդ ըմպելիքի ուսումնասիրությունը` հասկանալու, թե որ բաղադրիչն է այդպիսի բացասական ազդեցություն գործում տղամարդու վերարտադրողական առողջության վրա: Բայց այժմ արդեն նրանք վստահ են, որ դա կոֆեինը չէ, որովհետեւ սուրճի եւ թեյի սիրահարների շրջանում նմանատիպ հետազոտությունները նման արդյունք չեն տվել: