Երկրի մասնավոր լաբորատորիաներից մեկում անցկացված փորձաքննության համաձայն, Հայաստանում արտադրվող եւ վաճառվող 10 գազավորված ըմպելիքից 7-ը չի համապատասխանում որակի ստանդարտներին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի Սպառողների միության   նախագահ Արմեն Պողոսյանը:  

Նրա խոսքով, վերջերս միությանն էին դիմել դպրոցականների տագնապած ծնողները, որոնք դպրոցական խնջույքի ընթացքում նկատել էին, որ գազավորված այն ըմպելիքների շշերը, որոնք խմել էին իրենց երեխաները, կասկածելի տեսք ունեին: Այդ հարցով հետաքրքրվելով` միությունը  10 տարբեր արտադրողի գազավորված ըմպելիքների փորձաքննություն է կազմակերպել եւ պարզել է, որ դրանցից   7-ի արտադրանքը ոչ մի ստանդարտի չի համապատասխանում եւ բազմաթիվ խախտումներ ունի:  

Մասնավորապես, խախտումներ են հայտնաբերվել հետեւյալ ըմպելիքներում.

1. «Ֆորտունա Պլյուս» ԲԲԸ. Մարիո Թարխուն, Մարիո Դյուշես, Մադա Նարինջ, Ֆեստա Նարինջ լիմոնադներ

2. Անհատ ձեռներեց Գառնիկ Մելիքսեթյան. Թզուկ,   Թզուկ տանձային  լիմոնադներ

3. Անհատ ձեռներեց Արտակ Բեկնազարյան. Տանձի լիմոնադ

4. «Հարութիկ» ԲԲԸ. Թամադա Կոլա տանձի լիմոնադ

5. Անհատ ձեռներեց Ռ. Հակոբյան. Զովացուցիչ ըմպելիք լիմոնադ

6. «Անդրանիկ Սիմոնյան» ԲԲԸ. Միլենա տանձի լիմոնադ:

7. Անհատ ձեռներեց Խաչիկ Ղազարյան. Անժելիկա Անանաս լիմոնադ 

Փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ բոլոր արտադրանքներում առկա է քիմիական նյութի ավելցուկ: Արմեն Պողոսյանը չգիտե, թե այդ նյութերը որքան վտանգավոր են առողջության համար, բայց փաստն այն է, որ այդ ըմպելիքները չեն համապատասխանում ստանդարտներին, իսկ դրանցից որոշների շշերը, թվում է, առաջին անգամ չեն օգտագործվում եւ այնքան էլ հիգիենիկ տեսք չունեն: Ավելին, արտադրանքը ստուգել է ընդամենը 10 արտադրողի, սակայն երկրում դեռեւս մի քանի տասնյակ կա, որոնց մեծամասնությունն իր որակով չի տարբերվում վերոնշյալներից: 

Արմեն Պողոսյանը, իր խոսքով, նամակով դիմել է Մթերային անվտանգության տեսչությանը` խնդրելով ստուգել արտադրողների տվյալները, սակայն հստակ պատասխան չի ստացել եւ համապատասխան ծառայությունների կողմից ոչ մի գործողություն չի հետեւել. այդ ըմպելիքների արտադրողները շարունակում են իրենց գործունեությունը եւ հայտնի չէ, թե ինչ պայմաններում են լիմոնադներ պատրաստում: 

Առանց հստակ պատասխանի է մնացել նաեւ NEWS.am Medicine-ի այն հարցը, թե ինչու են իրենց երեխաների առողջության եւ անվտանգության համար այդքան անհանգստացող ծնողները մանկական խնջույքի համար գազավորված ըմպելիքներ եւ լիմոնադներ գնել, որոնք շատ շաքար եւ քիմիական նյութեր են պարունակում եւ վտանգավոր են առողջության համար, նույնիսկ եթե համապատասխանում են «որակի ստանդարտներին»: