Դեղ ներմուծող «Վագա Ֆարմ» ընկերությունը դիմել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հարցերով պետական հանձնաժողովին, քանի որ մյուս ներմուծողները սկսել են հրաժարվել նրան մատակարարել իրենց էքսկլյուզիվ դեղամիջոցները, կամ էլ սկսել են դրանք ավելի բարձր գնով առաջարկել, քան իրենց մանրածախ հաճախորդներին: Դա կատարվել է այն բանից հետո, երբ «Վագա ֆարմ» ընկերությունը հունիսի կեսերից դեղորայքի մեծ խմբի համար նվազեցրել է մեծածախ ու մանրածախ գները (իր դեղատների ցանցում):

Ինչպես NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը, հիմա ինքը «մարզվում է նամակագրական ժանրում»՝ օրինականության շրջանակում դեղամիջոցներ մատակարարելու հարցով նամակներ փոխանակելով իր մրցակիցների հետ:

Վահե Վարսանյանը պարզաբանել է, որ դեղորայքի ներմուծման ոլորտում իրենց ընկերության մասնաբաժինը կազմում է 12 տոկոս, իսկ որպես մատակարար՝ տեղական շուկայում՝ մոտ 15 տոկոս, սակայն վերջերս նրանց այդ մասնաբաժինը սկսել է կրճատվել: «Վագա ֆարմ» ընկերությունը մայիսին մանրակրկիտ վերլուծել է դեղորայքի շուկան, հարցում արել իր մշտական մանրածախ հաճախորդների շրջանում, որպեսզի գնահատի թե որքանով ու ինչ պատճառով են նվազել վաճառքի ցուցանիշները: Վերլուծությունը ցույց է տվել, որ գոյություն ունեցող գները այլեւս մրցունակ չեն, ու ընկերության ղեկավարությունը որոշել է նվազեցնել դրանք իր շահույթի հաշվին, որպեսզի պահպանի իր մասնաբաժինը շուկայում: Այդ քայլը որեւէ մեկի դեմ չի եղել ուղղված:

Ընկերության ղեկավարի խոսքով, եթե առաջ հաջողվում էր մեծածախ մարժան պահպանել 20 տոկոսի մակարդակում (իսկ մեծածախ վաճառքով զբաղվող մուս ընկերություններին տրվում էր 9 տոկոսի զեղչ), ապա հիմա արդեն այդ գինը չի գործում: Այսօր «Վագա Ֆարմ» ընկերությունը մեծածախ մարժան սահմանել է 10-12 տոկոսի սահմանում ( հանած 4 տոկոսը մյուս մեծածախ առեւտուր անողների համար), իսկ մանրածախը՝ 10-15 տոկոսի սահմանում: «Սա նորմալ ողջամիտ շահույթ է», - վստահացրել է նա:

Հիշեցնենք, որ մեկ այլ խոշոր ներմուծող ընկերության՝ «Ալֆա ֆարմի» տնօրեն Միքայել Մացակյանը ավելի վաղ NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ երկարաժամկետ հեռանկարում իրենց ընկերությունը չի կարող աշխատել նոր գներով, քանի որ մեծ կորուստներ է կրելու: Նշենք նաեւ, որ «Ալֆա Ֆարմը» դեղատների ամենամեծ ցանցն ունի, ու չնայած այն նույնպես իր մրցակցից հետո նվազեցրել է դեղերի մեծածախ գները, բայցեւայնպես «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցում գներն անփոփոխ են մնացել ( գները չեն փոխվել նաեւ «Նատալի ֆարմ», «Գեդեոն Ռիխթեր», «36.6» դեղատների ցանցում): Այս փաստը Միքայլել Մացակյանը բացատրել է մանր ոչ ցանցային դեղատների մասին հոգատարությամբ: Հիմք ընդունելով NEWS.am Medicine–ի առաջին մշտադիտարկումը, Միքայել Մացակյանը վստահեցրել է, որ «Վագա Ֆարմի» քաղաքականության պատճառով ոչ ցանցային դեղատների մարժան պետք է կազմի 5-6 տոկոս, ու իրենք նման պայմաններում չեն կարողանալու աշխատել:

Վահե Վարսանյանը պարզաբանել է, որ 5-7 տոկոսի հավելագինը գործում է միայն մեկ դեղատանը՝ հարեւանությամբ մեծ մրցակցության առկայության պատճառով, իսկ իրենց ցանցում մնացած դեղատներում հավելագինը 10-15 տոկոս է կազմում: Ոչ ցանցային դեղատները միշտ աշխատել են նույն հավելագնով, ու հիմա դրանց համար ոչ մի վտանգ չկա: Այնպես որ նրա կարծիքով «Ալֆա Ֆարմը» ու մյուս ցանցային ընկերությունները պարզապես շահարկում են մանր դեղատների թեման, որպեսզի արդարացնեն իրենց ցանցում գնային քաղաքականությունը: Իրականում, հենց խոշոր ցանցերն են գրոհում փոքր դեղատների վրա, բառացիորեն շրջափակելով դրանց: Դրանում համոզվելու համար բավական է շրջել Երեւանի փողոցներում ու կազմել դեղատների հասցեների քարտեզ:

Վահե Վարսանյանի խոսքով, հիմա մրցակիցները ոչ միայն չեն ցանկանում իրեն դեղորայք մատակարարել, այլեւ ճնշում են գործադրում փոքր դեղատների վրա, որպեսզի դրանք հրաժարվեն աշխատել «Վագա ֆարմի» հետ: Ավելին, դրանք բանակցում են դեղ արտադրող ընկերությունների հետ, որպեսզի արտադրողները այլեւս «Վագա ֆարմին» դեղորայք չմատակարարեն: Ճնշման մասին տեղեկությունները հաստատել են նաեւ ոչ ցանցային դեղատներում մեր աղբյուրները:

Ոչ ցանցային դեղատներից շատերին այս իրավիճակում հուզում է նաեւ նախկինում ավելի բարձր գներով գնված ու առայսօր չիրացված դեղորայքի հարցը: Նրանց խոսքով, նրանք չեն կարող անցնել նոր գների, քանի դեռ չեն ազատվել ունեցած դեղերից: Խոսելով այդ մասին, Վահե Վարսանյանը պարզաբանեց, որ դեռ մայիսի վերջից իրենք իրենց հետ աշխատող բոլոր դեղատներին նախազգուշացրել են գների գալիք վերանայման մասին: Հետեւաբար դեղատները հնարավորություն ունեին իրենց մոտ դեղորայքի մեծ պաշարներ չկուտակել:

Իսկ եթե որեւէ որոշակի դեղամիջոց նրանք ունեն թե հին, թե նոր գնով, ապա կարող են դրա համար որեւէ միջինացված գին սահմանել: