Արդեն այս տարվա վերջին հիվանդների համար մատչելի կդառնա ձեռքի նոր` բիոնիկական պրոթեզը, որն անվանվել է «Աստղային պատերազմներ» սագայի հերոսի` Լյուկ Սքայուոքերի պատվին: Այսօրվա դրությամբ այդ պրոթեզը համարվում է գոյություն ունեցողների մեջ ամենակատարյալը:
Պրոթեզի դիզայնը մշակվել է Դին Կամենի կողմից` հետազոտական DARPA գործակալության ֆինանսավորմամբ: Դեռեւս 2014-ին պրոթեզը ստացել է ԱՄՆ-ի Մթերքների եւ դեղամիջոցների որակի վերահսկողության վարչության հավանությունը եւ մոտ ապագայում այն վերջապես կհայտնվի շուկայում:
Մշակողների խոսքով, այս պրոթեզը շատ առումներով գերազանցում է գոյություն ունեցողների մեծամասնությունը: Այն օգտագործողներին անհամեմատ ավելի մեծ ազատություն եւ հնարավորություններ է տալիս, քան նման այլ սարքերը. այս պրոթեզի օգնությամբ նրանք ոչ միայն կկարողանան տարբեր չափերի եւ փխրունության առարկաներ վերցնել, այլեւ ձեռքը տանել թիկունքի հետեւ կամ էլ բարձրացնել գլխից վեր: Օգտագործողն արհեստական ձեռքի օգնությամբ կկարողանա նույնիսկ մաքրել ատամները, կոճկել շալվարը եւ անհամեմատ ավելի բարդ մանիպուլյացիաներ կատարել:
Անդամահատված վերջույթի վրա տեղադրված այս պրոթեզի էլեկտրոդները որսում են մկաններից եկող ազդանշանները, իսկ համակարգիչը դրանք շարժումների է վերածում: Լրացուցիչ վերահսկողություն է ապահովում անթել սենսորների համակարգը, որն ամրացվում է օգտագործողի ներբանին: Սարքն արդեն հաջողությամբ փորձարկվել է 100 կամավորի վրա. Փորձարկումների ընդհանուր շարունակականությունը գերազանցել է 10 000 ժամը:
Սարքի ճշգրիտ արժեքն առայժմ չի նշվում, սակայն որոշ փորձագետներ ենթադրում են, որ պրոթեզը բավականին թանկ կլինի եւ առնվազն 100 000 դոլար կարժենա:






